Նորություններ

Հանրությանը հուզող հարցեր են քննարկվել. մանրամասներ վարչապետ-«Իմ քայլը» խմբակցություն 4-ժամյա հանդիպումից

Նիստ չի եղել, եղել է հանդիպում՝ վարչապետի եւ կառավարության անդամների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նշենք, որ նիստը տեւել է 4 ժամ:
«Զարմանալի ոչ մի բան չկա այստեղ, բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու: Կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրը իրենց անելիքները սինխրոնիզացնեն:

Տարբեր հարցեր են քննարկվել, խոսել ենք վարչապետի Դավոս եւ Գերմանիա կատարած այցելություններից, խոսել ենք պարգեւավճարների մասին: Քանի որ հանդիպումներն աշխատանքային են, կարծում եմ՝ ըմբռնումով եք մոտենում, որ ես շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել այս կամ այն հարցի վերաբերյալ: Բայց շատ կարեւորում եմ այս հարթակն ու այս գործելաոճը, որովհետեւ այստեղ քննարկվում են բոլոր խնդիրները»,-հայտարարեց Մակունցը:

Լրագրողի հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Դավոս իր այցի մանրամասները, արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ բոլոր խմբակցություններին դա ներկայացվեր, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Մենք խոսում ենք աշխատանքային հանդիպման մասին, որեւէ տեղեկատվություն չկար, որ արդեն չի հրապարակվել, բայց եղել են դետալներ, մանրամասներ, որը մեզ ներկայացվել է: Եթե լինի անհրաժեշտություն, ես վստահ եմ, որ վարչապետը մյուս խմբակցություններին եւս կներկայացնի, եթե նրանք դա ցանկանան»:

Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այս պահին պարգեւավճարների հարցով դեռ լուծում չկա: «Միայն մեկ գերատեսչության պարզաբանումներով չենք կարող լուծում կամ առաջարկ ներկայացնել: Խնդիրը կհասկանանք, կվերլուծենք, այս պահին լուծում դեռ չկա: Եվս մեկ գերատեսչության հետ երբ քննարկենք նաեւ պարգեւավճարների հարցը, կհասկանանք, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնության կարիք կա, կամ դրա կարիքը կա, թե ոչ»,-ընդգծեց Մակունցը:

Նիստի ավարտից հետո էլ Շիրակ Թորոսյանը նշեց, որ հանրությանը հուզող հարցեր են քննարկվել:

«Փակ քննարկում է եղել, չեմ կարող մանրամասնել: Քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք հուզում են կառավարությանը, խորհրդարանին ու լայն հանրությանը: Քննարկումները եղել են շատ կառուցողական: Քանի որ փակ քննարկում է եղել, իրավասու եմ ասել միայն այն, ինչ արդեն ասացի»,-ընդգծեց Թորոսյանը:

Ավելին
Back to top button