Նորություններ

Առաջարկություններ՝ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակապահովմանն ուղղված 2018 թվականի միջոցառումների մասին

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շարունակական իրականացման համար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացվել է մոտ 460.0 մլն ՀՀ դրամ:

Մշակվել և որոշման նախագծի տեսքով առաջարկություններ են ներկայացվել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ նախատեսված հատկացումների հաշվին ծրագրի շահառուներին տրամադրվող պետական աջակցության մոտեցումների և աջակցության տրամադրման գործընթացի վերաբերյալ:

Մասնավորապես, առաջարկվել է այդ միջոցներն ուղղել ՀՀ Լոռու մարզի բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով նրանց ֆինանսական աջակցության տրամադրմանը:

Ընդ որում, ուղղակի ֆինանսական աջակցությունը նախատեսվում է տրամադրել պայմանով, որ աջակցությունն ստացող ընտանիքը՝ ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում ավատին հասցնի իր բնակելի տան շինարարական աշխատանքները և արդեն ավարտված բնակելի տան նկատմամբ գրանցի ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

Համաձայն առաջարկությունների՝ ֆինանսական աջակցության չափը կներառի նաև պայմանագրերի նոտարական վավերացման ծախսերի և դրանցից բխող գույքային իրավունքների գրանցման վճարները:

Ավելին
Back to top button