Քո ձայնը

«Կանգ առեք, ախր բոլորդ էլ ապրում եք, հաց ուտում, շնչում… Ախր այդ կերած հացը հալալ թող լինի…»

Աշնանամուտ է… Աշունը սկսել է իր վերջին արշավը ընթացիկ տարվա եզրագծին մոտ… Ամառային արևն իր վերջին ջերմացնող ցոլքերն է հղում ցրտաշունչ ձմռանը սպասող մարդկանց: Տարին մոտ է ավարտին… Ընթացիկ տարին, որ իր ակնթարթներից, վայրկյաններից, րոպեներից, ժամերից ու օրերից կազմված ամիսներով հասնում ու պատրաստվում է դարի մի էջն էլ շուռ տալ, իր հանդարտ վարգով մոտենում է ավարտին: Հանդա՞րտ ենք ասում… Ոչ, հանդարտ չէր տարին… Տարին վերելքներով ու անկումներով էր լեցուն… Կաթիլ-կաթիլ կուտակվում է ցասումը, լցվում համբերության բաժակը: Վերջապես կարծես թե խորը թմբիրից արթնացել են մարդիկ, գիտակցում են, որ այսպես շարունակելն անիմաստ է, հասկանում են, որ միասնական պայքարով կարող են հասնել երկրի շենացմանը, ընկալում են, որ պետք չէ անընդհատ անիծեն խավարը, ժամանակն է, որ իրենք էլ մի մոմ վառեն… Ժողովուրդն ընկալել է, իսկ իշխանագողե՞րը … Նրանք շարունակում են հարստահարել իրենց հարստացնողներին, հանուն իրենց աթոռապաշտության ունակ են նաև ազգը պառակտել, մարդկանց իրար դեմ դուրս բերել և ինչո՞ւ… Դե որովհետև որոշներին հնարավորություն են տվել օգտվելու իրենց լափած կռճոններից՝ աղքատավարձերի տեսքով, ձայնագողության, «աշխատատեղերը» չկորցնելու գնով … Սա քաղաքացիական պատերազմի մոդելի մի տարբերակ է, որը նաև սկսում են փորձարկել, սակայն… Սակայն այս ամենին իրենց մասնակցությունն են բերում նաև ոստիկանները, ոստիկաններ, որ կոչված են պահպանելու մարդկանց անվտանգությունը, իրենց սահմանադրական իրավունքները, ապահովելու օրենքի գերակայությունը, բոլորի համար պարտադիրությունն ու հավասարությունը նույն այդ օրենքի պատասխանատվության

առջև… Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Իրականությունը այլ է: Կուզեի ասել հարգելի ոստիկաններ, բայց…

Ոստիկանապետը հատկապես անընդհատ պարտադրում է հարգել իր իսկ ոստիկաններին, պարտադրում է երևի չգիտակցելով, որ հարգանքի արժանանում են, ոչ թե ստիպողաբար հարգում… Ինչպե՞ս հարգես այն ոստիկանին, որ բռնություն է կիրառում մարդկային պայմաններով ապրելու ձգտում ունեցող ու այդ ձգտման համար ոտքի ելած իմ հայրենակցի նկատմամբ, ինչպե՞ս հարգես այն ոստիկանին, որ նույն բռնությունը կիրառելիս կուրծք ծեծելով բղավում է չկպչել իր ծնողի արժանապատվությանը, երբ այդ նույն պահին իր իսկ գործընկերը գետնում է յոթանասունն անց մեկ ուրիշի մորը, մայր, որ ոտքի է ելել իր իսկ զավակի վաղվա մարդավայել ապրելակերպն ապահովելու համար… Ինչպե՞ս հարգես… Հարգես այն ոստիկանին, որն իր հաղթանդամ մարմնով ամբաստանագիր է գրում իրենից մի քանի անգամ նվազ քաղաքացու հասցեին, իր նկատմամբ կիրառվող ուժի մասին ու մասնակից դառնում նվազներով զնդանները լցնելուն… Հարգես նրանց, որոնց խոսքը «զորավոր» է… հարգես… Ո՞րն ասեմ, ասելիքներս բազում են ու անսպառ… Այս քայլերով ստիպում եք ոչ թե հարգել ոստիկանին, այլ ատել, անտարբեր անցնել նրա կողքով, չվստահել, չապավինել… Վերջերս մի ոստիկան արտասվախառն աչքերով պատմում էր ու կարծես արդարանում, որ ստիպված է մասնակցել նման բռնությունների, ստիպված է հրել ու քաշքշել քաղաքացիներին, ստիպված է պատռել, գուցե և նրա վերջին շապիկը… Ստիպված է, որովհետև հրաման է կատարում, որովհետև այլ տեղ հույս չունի գտնելու իր երեխաների գոյությունն ապահովող հանապազօրյա հացը, գիտի, որ նույն հաջողությամբ իրեն հրամայողն էլ իր մասնաբաժինն ունի այդ նույն քաշքշոցից, բայց… Այնպես եմ ուզում

գոռալ ու հասցնել ասելիքս չարերին. «Կանգ առեք, ախր բոլորդ էլ ապրում եք, հաց ուտում, շնչում… Ախր այդ կերած հացը հալալ թող լինի, նորմալ կուլ գնա, չկանգնի կոկորդներիդ, ինչի եք այնպես անում, որ արնաշաղախ լինի այն, ինչի եք հարամում ձեր իսկ կերած հացը, ախր հացը սրբություն է… Չգիտեմ… չգիտեմ ու չեմ էլ փորձում հասկանալ նրանց, ովքեր «ընչազուրկ ու կնոջ հաշվին ապրող» կեղեքիչին բարերար են կոչում… Ինչու է այսչափ չարացել աշխարհը…. Ուր մնաց բարին… Չարագործները նման են մոլախոտների, որոնք, ցավոք, տարածվելու են ունակ, բայց այն արմատախիլ են անում… Քաղցրահամ խաղողն էլ է ունակ տարածվելու, գուցե խաղող տարածենք, որ բարությամբ ողողենք աշխարհը… Խաղող, որ միասնության ու համախմբման խորհրդանիշ է… Մտածեք, չարեր… Վաղը նոր մարտահրավերներ են ծագելու մեր երկրի համար… Չարագուշակ վաղը կարող է մթագնել մեր երկնակամարը, վաղը նորից միավորվելու խնդիր կառաջանա… Մի փորձեք աղճատել մարդկանց… Բաժան-բաժան մի արեք… Երկիրը դեռ պիտի ապրի… Մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու… Լավ է, երբ ամուր է թիկունքդ… Ամուր եղեք ու արդար…

 

«Հանուն արդարության» ՀԿ նախագահ Վարդան Գրիգորյան

Ավելին
Back to top button