Քո ձայնը

Քաղաքացին միայն տոն հայտարարելով չի ձևավորվում

Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ապրիլի վերջին շաբաթ օրը կհայտարարվի քաղաքացու օր:

Քաղաքացու օր ունենալն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն ուղղված է լինելու քաղաքացի ձևավորելուն, քաղաքացի կրթելուն, քաղաքացիական իրավագիտակցություն ձևավորելուն և ոչ թե հասարակությունը կրկին բարիկադների երկու տարբեր կողմերում տարանջատելուն:

Բայց , որովհետև մարդիկ, որոնք մեկ տարի առաջ փողով իշխանությանը ձայն էին բերում կամ ձայն տալիս, ապրիլին փողոցները փակելով քաղաքացի չդարձան:

Երբ կառավարության դուռը քաղաքացին ոտքով է բացում, և դա արդարացվում է ժողովրդի դուռն է, ինչ կուզեն կանեն, դա ամենևին քաղաքացիական իրավագիտակցության մասին չի խոսում, այլ այլակերպում է պետական մարմինների նկատմամբ վերաբերմունքը:

Երբ խրախուսվում են ներգյուղական, կլանային առճակատումները, իրենց գյուղապետն է, ինչ կուզեն կանեն մոտեցմամբ, դա չի նշանակում, որ նրանց պահանջը քաղաքացիական գիտակցության արդյունք է, այլ պարզապես այդպես են պահանջում ներանձնական խորը արմատներ գցած հարաբերությունները: Իսկ դա բերում է ամենաթողության և ազատությունների և իրավունքների սխալ ընկալման:

Երբ մշակույթի գործիչները և այլ հայտնի մարդիկ տարբեր հարթակներում ելույթներ են ունենում, փորձելով համոզել, որ նախորդ իշխանություններին իրենք ընդդիմադիր էին և պարզապես «ստիպված» էին ծափերով ընդունում նրանց գաղափարները, դա չի նշանակում, որ հաջորդ իշխանությունների ժամանակ նույն ելույթներով էլի հանդես չեն գալու:

Ամեն իշխանության կողքը փափուկ տեղավորվելն է իրենց քաղաքացիական գիտակցությունը:
Երբ համալսարանի ռեկտորի պաշտոնանկության վերաբերյալ քաղաքական որոշում է կայացվում, որը միջամտում է բուհի ներքին ինքնավարությանը, ակադեմիական անկախությանը, իսկ այդ որոշումը ցնծության առիթ է դառնում, դա արդեն ձևավորված քաղաքացիական գիտակցության մասին չի խոսում:

Երբ փաստաբանին իր գործունեության համար սոցցանցերում սպառնում են, հայհոյում, որովհետև նա պաշտպանում է մարդկանց, ում իրենք մեղավոր են նշանակել, սա կայացած քաղաքացու մասին վառ ապացույցը չէ:

Երբ զորամաս են ներթափանցումգողական հեղինակությունների բարքերը, և զորամասում անհնազանդություններ են տեղի ունենում, որովհետև մեր զորամասն է, ինչ ուզենք, կանենք, քաղաքացու օր հռչակելը բավարար չի լինելու այսպիսի մտածելակերպը փոխելու համար:

Երբ քարը նետում և կոտրում են շարժվող մետրոյի գնացքի պատուհանը, որովհետև մեր մետրոն է,ինչ ուզենք, կանենք, դա նրանից է, որ քաղաքացուն ներշնչել են, որ նա է երկրի տերը, բայց որ նա նաև պատասխանատու է այդ երկրի համար, չեն բացատրել:

Այսօրվա քաղաքացին սոցիալական ցանցերում հայհոյանքներով, թշնամանք տարածելով, «սոցցանցային արդարադատություն» իրականացնելով ինքնադրսևորվող անհատն է, ում որպես քաղաքացի կայացման ճանապարհը դեռ պետք է սկսել: Եվ եթե քաղաքացու օր հռչակելու նպատակը հենց դա է լինելու, ուրեմն նաև պետք է սահմանել օրակարգ քաղաքացիական բարձր իրավագիտակցության ձևավորման ուղղությամբ: Քաղաքացուն կոնկրետ մեսիջներ են պետք։

Հակառակ դեպքում «քաղաքացին» բավարարվելու է սոսկ մերժելու մասին հիշողություններով:

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ավելին
Back to top button