ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Հերոս Տիգրան Աբգարյանին նվիրված հուշահամալիր բացվեց Գյումրիում

Գյումրիում հուշահամալիր բացվեց՝ նվիրված արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված 20-ամյա տանկիստ Տիգրան Աբգարյանի հիշատակին: Հուշահամալիրը կառուցվել է այն տան բակում, որտեղ ծնվել ու մեծացել է Տիգրանը:

Հուշահամալիրի բացման արարողությանը բազմաթիվ գյումրեցիներից բացի մասնակցում էին նաև ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված գյումրեցի հերոսների հարազատներն, ինչպես նաև օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, Նազիկ Ավդալյանը, Տիգրանի հրամանատարը:

Հուշահամալիրը կառուցվել է մի խումբ բարերարների աջակցությամբ: Գյումրու թիվ 4 դպրոցի աշակերտները փոքրիկ միջոցառում էին պատրաստել, որի ավարտին բացվեց Տիգրանի հուշատախտակը, այնուհետ բացվեց հուշաքարը, իսկ բացման պատիվն ընձեռվեց արցախյան պատերազմում զոհված գյումրեցի հերոսների հարազատներին։

Այնուհետ օրհնվեց Տիգրանի հիշատակին տեղադրված խաչքարը, և ներկաները ծաղիկներ խոնարհեցին:

Ի դեպ, հուշահամալիրի բացման արարողությանը մասնակցում էր նաև փոքրիկ Տիգրանի ընտանիքը: Հիշեցնենք, ի պատիվ Ջեբրայիլում թշնամու 8 տանկերի դեմ կռիվ տված ու երեք տանկ ոչնչացրած հերոս 20-ամյա Տիգրան Աբգարյանի՝ ապրիլ ամսին փոքրիկի ծնողները նրան կոչեցին Տիգրան։

Ավելին
Back to top button