ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Ժայռեր մագլցող աղջիկը

Լիլիթն արդեն մեկ տարի է զբաղվում է ժայռամագլցմամբ: Այն իր կենսակերպն է դարձել: Իր առօրյան առանց դրա չի պատկերացնում: Նրա պնդմամբ ժայռ մագլցելը վտանգավոր է մինչև այն պահը, երբ աղջիկն ինքն իր մեջ կարողանում է հաղթահարել վախը, որ ամուր կապված է պարաններով ու վեր բարձրանալուց հաստատ չի ընկնի: Պատանի ժայռամագլցողի համար դժվարությունները շատ էին. նոր կանոններ, նոր օրենքներ, քարեր, որոնք բռնելը դժվար էր: Լիլիթ Հարությունյանին իր նպատակասլացությունը և մի բանի հասնելու ձգտումն են օգնել հաղթահարել ամեն ինչ: Նա պատմում է, որ երբ որ իր առջև կա դրված առաջադրանք, որը պետք է կատարել, և երբ այդ ամեն ինչին հասնելու իր ցանկությունը մեծ է, մինչև վերջին ուժը գործադրում է, հասնում է դրան:

«Քանի որ ժայռամագլցումն այնպիսի սպորտաձև է, որը հիմնված չէ միայն ուժի ու ֆիզիկական կարողությունների վրա, մենք կարողանում ենք կանգնել այս հարթակում տղաների հետ հավասար, ովքեր ուժով մեզանից տասն անգամ շատ ավելի են»:

Ընտանիքի կողմից երբևէ արգելք չի եղել, թեկուզ բնական ժայռեր մագլցել կամ մի քանի օրով տանից բացակայել այդ ամենի պատճառով: Ընտանիքի աջակցությունն էլ իր հերթին նպաստեց, որ նա շարունակի այս ամեն ինչը, հստակ քայլերով առաջ գնա: Շրջապատը սովորական չընդունեց, արձագանքները տարբեր են. նրանց համար դեռևս սովորական չէ ժայռամագլցումը և աղջիկը: Հարցեր շատ են տալիս, նա էլ համբերատարությամբ պատասխանում է: Լիլիթն իրեն դեռևս ժայռամագլցող չի համարում. երկար ճանապարհ պետք է անցնի: Նրա երազանքների մասին դեռ վաղ է խոսել, սակայն հորիզոնում լավ մարզիկ դառնալը կա:

Ավելին
Back to top button