ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

«ՀՀԿ-ին արջի ծառայություն մատուցած մանկավարժները պետք է հասարակական պարսավանքի ենթարկվեն». «Հակառակ կողմը»՝ ՀԱԿ-ՀԺԿ–ՕՐՕ

ՀՀԿ-ի համար աշխատած եւ իշխանություններին արջի ծառայություն մատուցած մանկավարժները պետք է հասարակական պարսավանքի ենթարկվեն:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Հակառակ կողմը» հաղորդման տաղավարում հայտարարում են Կոնգրես-ՀԺԿ եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքից Արման Գալոյանը եւ ՕՐՕ-ից Ստեփան Մարգարյանն անդրադարձել են ինքնախոստովանական ցուցմունքներ տված մանկավարժների թեմայով:

«Վարչական ռեսուրսի կիրառումը նոր երեւույթ չէ: ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին հետեւողականորեն կուսակցականացրել է պետական ամբողջ համակարգը, կրթական ոլորտը, սպորտը, մշակույթը: Չկա մի ոլորտ, որտեղ կուսակցականացված չլինի: Բոլորս գիտեինք՝ ինչ էր կատարվում կրթական հիմնարկներում, ինչու չէ, նաեւ բուժհիմնարկներում, պետական հաստատություններում: Պարզապես այս ամենն ի ցույց դրվեց ավելի փաստացի: Իրավապահ համակարգը պետք է գնահատական տա: Սրա քաղաքական գնահատականը հայտնի է, սա ակնհայտ խայտառակություն է եւ պետական ռեսուրսի չարաշահում: Իրավապահ համակարգը պետք է անշուշտ գնահատականներ տա, քանի որ ընտրողի կամքի վրա բռնանալու կամ քվեարկության գաղտնիությունը խախտելու, այս կամ այն ուժին քվեարկել հարկադրելու համար համապատասխան հոդվածներ կան»,- կարծում է Արման Գալոյանը:

Սակայն, ըստ նրա, չարժե հույսեր փայփայել, որ կգործի իրավապահ համակարգը, քանի որ այն եւս գտնվում է ՀՀԿ-ի լծի տակ: Ըստ նրա՝ լավագույն դեպքում նրանց կկանչեն շտաբներ ու ամոթանք կտան, որ այդպես միամտություն են ցուցաբերել եւ ամեն զանգահարողի հետ անկեղծացել են:

ՕՐՕ դաշինքից Ստեփան Վարդանյանը կարծում է, որ հետեւանքները կլինեն այնպես, ինչպես սովոր ենք տեսնել: «Գործ կբացվի, երկու ամիս հետո կփակվի, կգնա: Կարող է մի երկու հոգու վրա էլ մատ թափ տան, անցնի գնա»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե չարժե՞ գոնե այս հարցում համախմբվեն բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ դիմելու ԿԸՀ, կամ չարժե՞ արդյոք հետ կանգնել ընտրություններից եւ ՀՀԿ-ին մենակ թողնել, Արման Գալոյանը պատասխանում է.

«Հետ քաշվել եւ թողնել մարտի դաշտը ՀՀԿ-ին՝ սխալ կլիներ, հակառակը, պետք է այս փաստերը դարձնել քննարկման առարկա: Միջազգային դիտորդներին պետք է ներկայացվեն, սրանով կասկածի տակ է դրվում ընտրությունների լեգիտիմությունը»:

Ըստ Ստեփան Վարդանյանի՝ ՕՐՕ դաշինքն արդեն իսկ դիմել է ԿԸՀ եւ պահանջում է չեղարկել ՀՀԿ գրանցումը. «Մեր դաշինքը, ԵԼՔ դաշինքը դիմել ենք արդեն ԿԸՀ: Թեկուզ չեմ հավատում, որ չեղյալ հայտարարվի, մանավանդ, որ լիքը արձանագրումներ կան խախտումների մասին, որ մնացել են անարձագանք: Կարեւորը հասարակական հնչեղությունն է ու հասարակության պարսավանքը»:

Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button