ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Անդորր՝ փոթորկից առաջ. «Պալատական հեղաշրջում լինելու է»

«Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում իրավապաշտպաններ Սեյրան Մարտիրոսյանը եւ Արթուր Սաքունցը խոսել են ներքաղաքական զարգացումների, իշխանությունների կողմից քաղաքական պայքարի ճանապարհների փակման եւ Հայաստանում վերջին տարիներին զենքով հարցեր լուծելու կիրառված փորձի մասին:

«Ընտրությունների միջեւ ժամկետների երկարացումը, ընտրությունների քանակը կրճատելը, այս քաղաքական դաշտն ամայացնելը ձեռնտու է իշխանություններին: Նրանց համար իդեալական վիճակ է: Սա իշխանությունների ծրագիրն է: Տարօրինակն այն է, որ ընդդիմությունն էլ այս ծրագրի մեջ շատ լավ հարմարվել է, նույնպես հանգստանում է: Չի հնչում թեժ աշուն ապահովելու մասին նախադասությունը»,- ասում է Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության ՇՄ կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն՝ անդրադառնալով քաղաքական դաշտի թմբիրին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարն այն կարծիքին է, որ սա անդորր է փոթորկից առաջ: Նա վստահ է, որ առաջիկայում հանրությունն ականատես է լինելու պալատական հեղաշրջման փորձերի:

«Պալատական հեղաշրջում լինելու է, եւ կարող եմ նույնիսկ անուններ թելադրել, որոնք կարող են լինել այդ պալատական հեղաշրջման կրողները: Ինչ է, ձեր կարծիքով Հովիկ Աբրահամյանը հենց այնպես հաշտվելու եւ մի կո՞ղմ է քաշվելու, կամ Թոխմախի Մհերը, կամ նույն Ծառուկյան Գագոն հենց այնպես հաշտվելու է իր հրապարակային նվաստացման հե՞տ: Եվ շատ շատերը: Մեկ անձի կամ մի խումբ անձանց կողմից իշխանության կենտրոնացումն ի՞նչ է ենթադրում: Ռեսուրսների սահմանափակ լինելը հնարավորություն չի տալիս, որ բոլորը տեղավորվեն, եւ սկսում են դուրս մղել որոշներին՝ ռեսուրսների սղության պատճառով, որովհետեւ բոլորին չի կարող կերակրել: Բուրգը դառնում է անտանելի»,- նշում է Արթուր Սաքունցը:

Ավելին
Back to top button