ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Ովքե՞ր են «խաբեբաները», ովքե՞ր են «Պավլիկ Մորոզովները». «Հակառակ կողմը»՝ «Ելք»-ՀՎԿ

«Հակառակ կողմը» հաղորդման հերթական թողարկման ժամանակ ԳԱԼԱ-ի եթերում հակառակ կողմերում են «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Հովհաննես Մարգարյանը եւ «Ելք» դաշինքից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավորության վարկանիշային թեկնածու Արթուր Համբարձումյանը:

Նրանք բանավիճում են, թե որ կուսակցությունն է «խաբեբաների կուսակցությունը»՝ ՀՎԿ՞-ն, թե՞ ՔՊ-ն:

«Հայկական վերածնունդը» դարձյալ խոստանում է ՀՀ քաղաքացիներին՝ ավանդների փոխհատուցման հարցը լուծել: ՀՎԿ-ից վարկանիշային թեկնածու Հովհաննես Մարգարյանը հայտարարում է, որ քաղաքացիների ավանդների վերադարձման հարցը հենց ՕԵԿ-ի հաջողությունն է:

Մեր հարցին, թե քանի քաղաքացու է գրանցել ՀՎԿ-ն եւ ինչու են քաղաքացիներից պահանջել նաեւ անձնագրային տվյալներ, Հովհաննես Մարգարյանը պատասխանում է, որ չգիտի, թե քանիսին են գրանցել, որովհետեւ հիմա էլ գրանցումը շարունակվում է: Մարգարյանը հերքում է, որ իրենց գրասենյակում քաղաքացիներից անձնագրային տվյալներ են պահանջել:

«Ելք»-ի թեկնածու Արթուր Համբարձումյանը տաղավարում հարց հղեց իր զրուցակից ՀՎԿ թեկնածուին.

«Գիտեք՝ Լինքոլն ազգանունով նախագահ է եղել ԱՄՆ-ում, ով ասել է, որ հնարավոր է խաբել ժողովրդի մի մասին՝ երկար ժամանակ, հնարավոր է խաբել ժողովրդի մեծ մասին՝ կարճ ժամանակ, բայց անհնար է մշտապես ամբողջ ժողովրդին խաբել:

Իշխանությունների թալանչի որակը չի խանգարել, որ մշտապես կոալիցիայի մեջ լինեք իրենց հետ: Մշտապես նախընտրական շրջանում դուք հանդես եք գալիս ընդդիմադիր դիրքերից, հետո գնում, սեղմում եք ձեզ մեկնված իշխանության ձեռքը:

Ի՞նչն է ձեզ խանգարում, ինչո՞ւ եք դուք մարդկանց խաբում, ինչո՞ւ եք հանդես գալիս ընդդիմադիր կեցվածքով, որոշակիորեն գեներացնում եք ընդդիմադիր զանգվածների ձայները, հետո գնում եք, կազմում եք կոալիցիա, ստանձնում եք քաղաքական պատասխանատվություն, անցնում է որոշակի ժամանակահատված, տեղի են ունենում որոշակի սկանդալներ, դուրս եք գալիս իշխանություններից եւ սկսում եք իշխանության մոլի քննադատողների դեր ստանձնել»:

Ի պատասխան Ա. Համբարձումյանի՝ Հովհաննես Մարգարյանը բարկացած պատասխանեց.

«Նախ խաբեբան դուն ես, մենք կյանքում որեւէ մեկին չենք խաբել, եթե որեւէ մեկին խաբած լինեինք, ապա ՏԻՄ ընտրություններին մեզ էդքան ձայն չէին տա. հլը համեմատե ձեր վստահության քվեն մերի հետ, ամենամեծ խաբեբան դուք եք:

Խաբեբան այն մարդիկ են, որոնց լիդերները գնում են ուրիշի հովի տակ ստանում են մանդատ, հետո դավադրաբար դավաճանում են իրենց առաջնորդներին՝ դառնալով Պավլիկ Մորոզովներ»:

«Ելք»-ի թեկնածուն խորհուրդ տվեց Հ. Մարգարյանին հանգստանալ, քանի որ նախընտրական փուլը դեռ չի ավարտվել:

Մեր հաջորդ հարցին, թե ուժերից որ մեկը կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, Ա. Համբարձումյանը պատասխանեց, որ «Ելք»-ը ոչ մի դեպքում իշխանությունների հետ կոալիցիա չի կազմի:

ՀՎԿ թեկնածուն չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիոն ապագան, միայն թե առանցքում լինելու է ՀՎԿ-ն, ոչ թե ՀՀԿ-ն:

 Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button