ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՐԶ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ թշնամուդ զինում է դաշնակիցդ

Ռուսաստանն Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարել՝ ցամաքային տեխնիկայի տեսքով:  Փորձագետներն առավել վտանգավոր զինատեսակ են համարում  հրետանային համազարկի ռեակտիվ հրթիռային Սմերչ զինատեսակը, որն իր անվանը բնորոշ զանգվածային ոչնչացման զենք է: Միամտություն կլինի փաստը դիտարկել միայն տնտեսական կամ բիզնես շահերի տեսանկյունից: Սա քաղաքական որոշում է`անցյալի պատմական դրվագների նմանությամբ:

Անկախ բանակի մարտունակության եւ պայքարի գաղափարական հենքի մասին մեր ունեցած համոզմունքից, Հայաստանի եւ Ադրբեջանի ռեսուրսները խիստ անհավասար են: Ադրբեջանի տնտեսական ներուժի աճն ուղիղ համեմատական է զինուժի հզորացմանը: Այդ գործում անմասն չմնացին Թուրքիան, Իսրայելը, նաեւ Ռուսաստանը` զենքի վաճառքը հաջորդեց գազի գնաճին, ապտակ ապտակի հետեւից, իսկ մենք` որպես առաջամարտիկ քրիստոնյա, խոնարհաբար դեմ ենք տալիս մյուս այտը: Իսկ ռուսաստանցի քաղաքագետները դեռեւս հավատում են ռազմավարական դաշինքի անխախտությանն ու անվտանգության երաշխիքների մասին օրակարգային հայտարարություններին:

Խաղաղության եւ ուժերի հավասարակշռության Ռուսաստանի ջանքերի մասով շատ կասկածներ կարելի է հայտնել: Հատկապես վերջին շրջանի գործողությունները հաշվի առնելով` նախ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը ստատուս քվոյի վերաբերյալ, ապա նաեւ  գազի գնաճը, մեր բաժնեմասերի վերջին 20 տոկոսը ճանկելու բանակցությունները եւ, վերջապես, զենքի վաճառքը:  Չմոռանանք նաեւ միգրանտների անվերջ շահարկվող խնդրի մասին, թեեւ հարկ եղած դեպքում այդ գործոնն օգտագործվում  է նաեւ մեր ոչ բարեկամ հարեւանների դեմ:

Հայ-ռուսական իրական գործընկերության, ղարաբաղյան հակամարտության մասին օբյեկտիվ պատկերացումների ձեւավորման եւ Արցախի ճանաչման գործում շատ կարեւոր դեր ունի հայկական սփյուռքը, որի ապահովված առանձին ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ հայտնվում են Ֆորբս-ի էջերում: Սակայն, ցավոք, Ռուսաստանի հայերը գործում են մեկուսացված, համայնքային համերաշխության եւ համախմբվածության սկզբունքը դեռեւս խորթ է նրանց` ի տարբերություն եվրոպական կամ ասիական սփյուռքի:

Հայկական լոբբիի մասին դրսում առասպելներ են հյուսվում, սակայն ադրբեջանցիները գործով են ապացուցում, որ համընդհանուր կարծիքի ձեւավորման վրա լուրջ աշխատանքներ են տանում: Ի դեպ, միջազգային հանրության աչքին թոզ փչելու գործընթացի ժամանակ կիրառվում են տարբեր լծակներ` հիմնականում ֆինանսական եւ տեղեկատվական: Օրինակ`Ռոսսիյսկայա Գազետան միակ պետական թերթն է, որը ադրբեջանական  հավելված ունի. Դա առաջին հերթին հայկական կողմի բացթողումն է, անփութության հետեւանք, քանի որ ավելի շուտ առաջարկ է եղել հայերին, ովքեր հրաժարվել են:

Ինչպես սիրում են կրկնել ռուսները,  պետք չէ պատերազմից վախենալ, եթե կռվում է ուրիշը: Իսկ այդ ուրիշը կարող ենք լինել նաեւ մենք: Եվ այս պայմաններում, Հայաստանի եւ Արցախի վերազինման խնդիրը պետք է դառնա օրակարգային` պետական եւ հասարակական մակարդակով: Իսկ Ռուսաստանում հասարակական կարծիքի նժարն առայժմ թեքված է մեր օգտին` անկախ այդ երկրում Ադրբեջանի ֆինանսական եւ տեղեկատվական էքսպանսիայի, որն ուղղված է Արցախի ինքնորոշման իրավունքի հարցի շրջանառությունը կասեցնելուն եւ հայանպաստ բոլոր դրսեւորումները  չեզոքացնելուն:

Արցախը պարզ է, որ ինքնորոշվել է, իսկ թե երբ կկողմնորոշվի Հայաստանը, արդեն հարց է: Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա հսկայական է` ռազմական բազաների, քաղաքական, տնտեսական ներկայության տեսանկյունից:  Էներգետիկ ռեսուրսները, որի մեկ կիլովատի կամ մեկ բարելի համար անգամ այսօր պայքարում են աշխարհի հզորները` ռուսական սեփականություն է: Լծակները շատ են, որոնք այդ երկրին ազատ եւ անկաշկանդ գործելու  հնարավորություն են տալիս:

Չի բացառվում, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կփորձի Հայաստանի հետ տարածքային վեճը լուծել ուժի միջոցով: Այս դեպքում ինչ դիրքորոշում է որդեգրելու իր բարեկամին  ոխերիմ  թշնամի դիտարկող պետությանը զենք մատակարարող Ռուսաստանը: Տեղի փորձագետները պնդում են, որ պաշտոնական Մոսկվան հանդես է եկել ու շարունակում է հանդես գալ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին,սակայն  չի կարող ամբողջովին ու անվերապահորեն  պաշտպանել հակամարտության կողմերից մեկին, թեեւ որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ: 

Հայերը ծեծված, միեւնույն ժամանակ խելոք խոսքեր շատ ունեն: Վերջին շրջանում ավելացել է մեկը` ռուսներն առաջվանը չեն, թեեւ դա ավելի շատ վերաբերում է նրանց կենցաղավարությանը:  Իսկ հայի հետին խելքի մասին մեր թշնամիների թեւավոր դարձած խոսքերը դեռեւս շրջանառության մեջ են եւ պատմության քառուղիներում կարծես մշտապես դավադրաբար հետեւում են մեզ:

 

Ավելին
Back to top button