ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Այս ամեն ինչում իր մեղքն ունի նաև կառավարությունը. խիստ ակտիվություն է ցուցաբերում սոցիալական ցանցերում». Շուշան Դոյդոյան

«Շատ վտանգավոր եմ համարում վարչապետի հայտարարությունը, մենք կոնկրետ գործ ունենք տեղեկատվության ազատության իրավունքի որոշակի սահմանափակման հետ»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանն՝ անդրադառնալով կառավարության նիստում վարչապետի արած այն հայտարարությանը, որով ԱԱԾ տնօրենին  հանձնարարեց  զբաղվել սոցիալական ցանցերում, ինչպես նաև լրատվամիջոցներում, նրա բնորոշմամբ, որոշ հանցավոր շրջանակների կողմից հասարակական կարծիքի մանիպուլյացիաներով՝ ընդգծելով,  որ դա ազգային անվտանգության խնդիր է։

Շուշան Դոյդոյանի դիտարկմամբ՝ ԱԱԾ-ն այստեղ ընդհանրապես անելիք չունի, խոսքը գնում է ապատեղեկատվություն տարածող, անանուն հանդես եկող օգտատերերին բացահայտելու և նրանց որոշակի պատասխանատվության ենթարկելու մասին:

Նրա խոսքերով՝ շեշտը դնել այն բանի վրա,  որ արգելված բովանդակությամբ նյութերը տարածում են ֆեյքերը, անանուն կամ կեղծանուն օգտատերերը, շատ վտանգավոր տեղ կարող է մեզ տանել, որովհետև անանուն կամ կեղծանունով հանդես գալը մարդու իրավունքն է, որը բաղկացուցիչ է խոսքի ազատության:

«Որտե՞ղ է սահմանված, ո՞ր օրենքով՝  ինչ է մանիպուլյացիան, ինչպե՞ս է գնահատելու ԱԱԾ-ն՝ կոնկրետ բովանդակությունը մանիպուլյացիա է, թե ոչ, սա խիստ վտանգավոր արդյունքի կարող է հանգեցնել, երբ  առողջ քննադատությունը կարող է դիտարկվել որպես մանիպուլյացիա և սկսել դրա դեմ պայքարել»,- նշեց նա:

Դոյդոյանի խոսքերով՝ ՄԻԵԴ-ը խստորեն դրել է այդ սահմանները՝ ցանկացած խոսքի ազատության սահմանափակում պետք է ամրագրվի օրենքով:

«Նման խորքային խնդիրները չեն կարող առանց հանրային քննարկումների, առանց մասնագետների հետ վերլուծելու,  քննարկելու միանգամից նման որոշմամբ լուծվել»:

«Այս ամեն ինչում իր մեղքն ունի նաև կառավարությունը, որովհետև խիստ ակտիվություն է ցուցաբերում սոցիալական ցանցերում. ինչո՞ւ մենք այսօր ունենք խիստ պասիվ պաշտոնական կայքեր, բայց ունենք շատ ակտիվ նախարարներ, ովքեր ժամեր են անցկացնում Ֆեյսբուքում ստատուսներ և մեկնաբանություններ գրելով»:

 

Ավելին
Back to top button