ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Ի վերջո իշխանությունը պետք է հասկանա, որ մենք Հյուսիսային Կորեա չենք, որտեղ բոլորը խնկարկում են ղեկավարին». Ն. Մկրտչյան

«Մամուլն այսօր ազատ է այն առումով, որ չկա լայնածավալ վերահսկողություն, ինչ մենք տեսել ենք Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի ժամանակ»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում կարծիք հայտնեց Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը՝ հավելելով՝ այսօր մամուլի վրա կա հասարակության այն հատվածի ճնշումը, որն ինքնաբուխ պաշտպանում է նոր իշխանությունների ցանկացած քայլ և չի հանդուրժում քննադատություն, կա նաև իշխանության կողմից ուղղորդված ճնշում. «Սա հետևանք է նրա, որ իշխանությունն ուղղակի չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր քայլերը նաև լուսաբանման են ենթակա, և այդ քայլերի մեջ ամեն ինչ չէ, որ ճիշտ է արվում, իսկ այդ սխալները պետք է մատնանշվեն»:

Նարինե Մկրտչյանի խոսքերով՝ իշխանությունները պետք է մեկ բան հասկանան, որ մամուլը ազատ է և իրավունք ունի տարածելու ցանկացած տեղեկատվություն՝ անկախ նրանից, թե այդ տեղեկատվությունը նրանց համար հաճելի է, թե ոչ. «Իշխանության գալը հոգեբանական մեծ պատրաստվածություն է պահանջում. եթե իշխանությունը չունի այդ պատրաստվածությունը, նա ոչ միայն սխալներ է անում, այլ նաև սկսում է հակադարձել շատ կոշտ»:

Բանախոսի խոսքերով՝ մինչև հիմա իշխանություններին հաջողվել է հասարակությանը համախմբել նախկին իշխանությունների դեմ պայքարի շուրջ, բայց այդպես անվերջ շարունակվել չի կարող. «Մեծ հաշվով այս անհանդուրժողականությունը հրահրվում է իշխանությունների կողմից կամա թե ակամա»:

«Խնդրի լուծումը հասարակական ընկալումները փոխելն է»,- նշեց նա՝ հավելելով՝ ի վերջո իշխանությունը պետք է հասկանա, որ մենք Հյուսիսային Կորեա չենք, որտեղ բոլորը խնկարկում են ղեկավարին, և իրենք պետք է վարժվեն, որ մամուլը չի պատրաստվում խնկարկել ղեկավարին:

Ավելին
Back to top button