ԱՌԱՆՑՔՈՒՄ

Եթե դատական համակարգը դառնա այս իշխանությունների տապալման գրավականը, ապա այն պատճառով այդպես էլ դրանով զբաղվող չեղավ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնում է  ԱՄՆ պետդեպարտամենտի ՀՀ-ին վերաբերվող զեկույցին, որտեղ նշվում է, որ ամենախնդրահարույց ոլորտը, որտեղ էական փոփոխություններ չի արձանագրել, դատական համակարգն է, փաստելով, որ դատարանները հիմնականում անկախություն ու չեզոքություն չեն ցուցաբերում:

Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ՝ այս մեկ տարվա ընթացքում էական քայլեր չեն արվել:

«Քանի՞ դեպք գիտեք, որ ինչ-որ կոռուպցիոն սխեմա է բացահայտվել, ասենք կոնկրետ մի քանի դատավորների, ինչ-որ փաստաբանական գրասենյակների զարմանահրաշ կապի հետ կապված: Երբ որ նման բացահայտումներ լինեին այս մի տարվա մեջ, մենք էլ կարող էինք խոսել, որ ինչ-որ բան կարող է փոխվել»:

Փաստաբանի կարծիքով՝ չպիտի ֆիլտրացիա իրականացվի, թե ով ում հետ ինչ կապ ունի կամ ինչ կապ է ունեցել:

«Մարդկանց պրոֆեսիոնալիզմն ու ազնվությունը պիտի հաշվի առնվի: Իսկ եթե դատական համակարգը դառնա այս իշխանությունների տապալման գրավականը, ապա ոչ այդ պատճառով է դառնալու, այլ այն, որ այդպես էլ դրանով զբաղվող չի լինելու»:

Անդրադառնալով նաև անցումային արդարադատությանը և նրա անհրաժեշտությանը՝ փաստաբանը շեշտեց, որ այդպես էլ այդ եզրույթն առաջարկողները չբացատրեցին, թե ինչ են տեսնում այդ բառակապակցության ներքո:

«Ես ավելի կողմնակից կլինեի, որ այս 8-9 ամիսների ընթացքում մենք ոչ թե խոսեինք ժամանակավոր անցումային արդարադատության մասին, այլ արդեն իսկ փոփոխություններ տեսնեինք նոր արդարադատության ոլորտում»,- հավելեց փաստաբանը:

Ավելին
Back to top button