ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Հարուստներին զիջված հարկերը պետք է վճարի ողջ հասարակությունը». տնտեսագետ

«Առ այսօր հայտնի չէ, թե կառավարության տնտեսական քաղաքականության մոդելն ինչպիսին է»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ հավելելով՝ նրանց կողմից ներկայացված հարկային փոփոխության փաթեթն անհասկանալի է և չհիմնավորված, քանի որ ունենք մի իրավիճակ, երբ չգիտենք՝ ինչ մեքենա ենք ձեռք բերելու, բայց ձեռք ենք բերել, օրինակ, անվադող:

Անդրադառնալով եկամտային հարկի համահարթեցմանը՝ նշեց, որ սա անարդար մոտեցում է, և այս մասին վկայում է մի շարք երկրների փորձը: Նրա խոսքերով՝ այս կառավարությունը շարունակում է նախորդ կառավարությունների նեոլիբերալ տնտեսական-քաղաքական կուրսը, ինչի արդյունքում հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն ավելի են աղքատանալու:

Մեր դիտարկմանը, թե վարչապետը հայտարարեց, թե սոցիալական անարդարության խնդիրը կլուծվի գույքահարկի նոր համակարգի ներդրման միջոցով, տնտեսագետն արձագանքեց, որ դրանով չէ պայմանավորված սոցիալական արդարության ապահովումը, մարդիկ կարող են գույք ստանալ ժառանգելով, նաև կարող են գույք ստանալ այլ գործարքների արդյունքում, դրա հետևանքով տեղի կունենա գույքի վերաբաշխում, այսինքն ցածր եկամուտ ունեցող մարդիկ կենտրոնում գտնվող իրենց բնակարանները կվաճառեն և կտեղափոխվեն արվարձաններ:

«Եկամտային հարկի համահարթեցման արդյունքում բյուջեում առաջանալու է դեֆիցիտ, և այդ դեֆիցիտը փակելու համար այս կառավարությունն առաջարկում է ավելացնել անուղղակի հարկերը, մասնավորապես ակցիզային հարկերը: Տեղի է ունենում մի իրավիճակ, որ հարուստներին զիջված հարկերը պետք է վճարի ողջ հասարակությունը»,-նշեց տնտեսագետը:

 

Ավելին
Back to top button