ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Ես չէի ցանկանա՝ Ալեքսանդր Սարգսյանը երկրից բացակայեր, որովհետև իրականում չենք կարող վստահություն ունենալ, որ հետագայում վերադառնալու է»

«Ես չեմ կարծում, որ 10000 քաղաքացիների գործազրկության մասին է խոսքը գնալու, որքան հասկացա, ամենածայրահեղ սցենարն է ներկայացվում»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ խոսելով հրապարակված այն փաստաթղթի մասին, ըստ որի օպտիմալացման արդյունքում մոտ տասը հազար քաղաքացիներ դառնալու են գործազուրկ:

«Իմ տեղեկություններով՝ ամեն նախարարությունում մինչև 100-ն է նախատեսված»,- նշեց նա:

Գայանե Աբրահամյանը կարծում է՝ այս մարդկանց համար կարողությունների զարգացման հստակ ծրագրեր պետք է ներդրվեն, որովհետև օպտիմալացում նշանակում է մի տեղ կրճատում, մի տեղ ավելացում.

«Նախորդ իշխանությունները չեն գնացել այս ինչ-որ տեղ ցավալի ռեֆորմին, որովհետև վախեցել են իրենց նկատմամբ դժգոհություն հարուցելուց»,- նշեց նա:

Նրա խոսքերով՝ որևէ կերպ խոսք չի կարող գնալ 10000-ի մասին, այս փաստին ամբողջ Ազգային ժողովով դեմ կլինեն:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին երկրից բացակայելու հնարավորություն տալուն՝ պատգամավորը նշեց.

«Ես չէի ցանկանա, որ երկրից բացակայեր, որովհետև իրականում չենք կարող վստահություն ունենալ, որ հետագայում վերադառնալու է, բայց կարծում եմ ունեցել են որոշակի վերահսկման մեխանիզմներ, որ այսպիսի որոշում են կայացրել»:

Նա նշեց նաև. «Մենք պետք է հասկանանք, որ եթե տարիներ շարունակ խոսել ենք, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը արատավոր է, և մենք սրա մասին անընդհատ բարձրաձայնել ենք, ապա այսօր նույնը կրկնել բնականաբար չենք կարող»:

Ավելին
Back to top button