ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ՝ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ

Ռոմիկ պապն իր կյանքի 1/3-րդն ապրել է կրակոցների ներքո

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում երեկ կրկին կրակոցներ են հնչել: Ներքին Կարմիրաղբյուրում դա սովորական երեւույթ է. զարմանում են, երբ հակառակորդը 1-2 օր դադար է տալիս: Ինչպես նշում են տեղաբնակները, փոքր տրամաչափի զինատեսակների գնդակոծություններից չեն էլ երկյուղում:

Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Ռոմիկ Ադամյանն իր կյանքի 1/3-րդ մասն անցկացրել է այդ կրակոցների ներքո: Ասում է՝ դրանք ամենօրյա սովորական երեւույթ են: Երբ հարաբերական անդորր է լինում, երեխաները լրացնում են բացը, ճայթուկներ են նետում տան մեջ՝ չար կատակ խաղալով պապի գլխին: Վերջինս փոքրիկների չարաճճիություններին ժպիտով է արձագանքում: «Մեկ-մեկ էլ թող նրանք կրակեն»,- ասում է Ռոմիկ պապը:

Ռոմիկ Ադամյանը զբաղվում է տնային տնտեսությամբ, նախիրը տանում է հանդը, մշակում խաղողի այգիներն ու ծառնուտը, փայտը բերում-կոտորում է անձամբ, գինին ու օղին թորում իր ձեռքերով: Երբեք չի հոգնել, չի նստել ու տրտնջացել, հետեւաբար սեղանը միշտ առատ է, իսկ մառանը միշտ լի է եղել:

77-ամյա պապն իր երկարակեցության պարզ բանաձեւն ունի՝ աշխատանքը եւ առողջարար, տնական սնունդն ու խմիչքը: «Գինին շառ չէ, այլ դեղամիջոց, եթե այն չափավոր ես օգտագործում»,- նշում է պապն ու բարձրացնում Կարմիրաղբյուրի անուշահամ գինու թասը:

Ապրուստից ու կյանքից չի դժգոհում, միայն նեղվում է, երբ իր դրկիցն ապահովված չէ, երբ աշխատող մարդը  չի կարողանում  վճարել սպառած գազի դիմաց կամ հարկ վճարել: Նշում է՝ պետական ցանկացած աջակցություն, թեկուզ չնչին, գյուղացու համար կարեւոր է:

Մեզ  հրաժեշտ տալուց առաջ ցույց է տալիս իր կուտակած վառելափայտն ու խնամած էկզոտիկ ծառերը, եւ ճանապարհելով՝ կրկին հանդիպելու հույս հայտնում:

Ավելին
Back to top button