ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ՝ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ

Բերդն ամուր թիկունք է սահմանամերձ գյուղերի համար

Տավուշի մարզի Բերդ քաղաքը նախկին Շամշադինի վարչական շրջանի կենտրոնն է: Գրանցված բնակչության թիվը 8600 է, սակայն շատ են զինվորականների ընտանիքները: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը նշում է. «Առանց սահմանամերձ գյուղերի, Բերդը գոյություն չունի, մենք առանց նրանց ոչինչ ենք»: Այստեղ գիտեն  գնահատել զինվորին եւ սահմանապահ բնակչին, նշում են՝ հարկ եղած դեպքում կկանգնեն նրանց կողքին:

Բերդում սահմանամերձ համայնքներին տրված արտոնություններից չեն օգտվում, սակայն տեղաբնակները պնդում են, որ իրենց համայնքը եւս պետք է ներառվեր այդ ցուցակում, քանի որ ժամանակին շատ են տուժել գնդակոծություններից: Բնակչության հիմնական զբաղմունքներից է գյուղատնտեսությունը և մանրածախ առևտուրը, սակայն այստեղ եւս գործազրկության լուրջ խնդիր կա, ինչպես հանրապետության մյուս շրջաններում:

Ձեռներեց Արտակ Մելքումյանն օրինակ իր տնտեսական փոքրիկ խանութում օրվա մեծ մասն անցկացնում է իրերի տեղերը փոխելով, սակայն դրանից օրվա հասույթի չափը չի փոխվում: Ապրանքը եթե տանում էլ են, ապա մեծամասամբ ապառիկ, ինչպես ինքն է ասում՝ «նիսյա»:

Քաղաքի միակ աչքի զարնող, պատկառելի շինությունը նորակառույց եկեղեցին է: Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը տեղի է ունեցել 2014 թ.-ի սեպտեմբերի 14-ին։

Քաղաքի բյուջեն 200 մլն. դրամ է, եւ այդ գումարի սահմաններում էլ մասնակի վերանորոգման, հնամաշ կրպակների տեղահանման, կառուցապատման աշխատանքներ են կատարվում: Ջրագծերը փոխվել են, եւ ինչպես հանրապետության բազմաթիվ այլ քաղաքներում, Բերդը դեռեւս նորմալ տեսքի չի եկել: Այնուամենայնիվ բերդեցիները չեն հեռանում իրենց հարազատ քաղաքից, մշակում են սեփական հողը, վաստակում  իրենց արդար քրտինքով՝ երազելով միայն խաղաղության եւ սահմանից եկող լավ լուրերի մասին:

Էդուարդ Մխիթարյան

Շարունակելի…

Ավելին
Back to top button