ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ՝ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ

«Կարող եք հանգիստ քնել, քանի որ մենք արթուն ենք»

Մեր բանակն է մեր երկրի անվտանգության, մեր բոլորի խաղաղության և մեր տարածքային ամբողջականության միակ երաշխավորը:  Հետեւաբար լինել սահմանամերձ շրջաններում ու չհանդիպել այդ սահմանների ամրության եւ անվտանգության երաշխավորների հետ, մեղմ ասած, արդարացի չէր լինի:

Բերդի զորամասում ԳԱԼԱ-ի աշխատախմբի այցելության պահին հանգիստ էր այնքան, որքան անհանգիստ՝ մի քանի կիլոմետր այն կողմ ձգվող սահմանին: Զինծառայողները զբաղված էին իրենց առօրյա գործերով՝ տեսական եւ գործնական պարապմունքներով, դասընթացներով ու շարային վարժանքներով: Նրանք պատրաստ են ցանկացած պահի փոխարինել դիրքերում կանգնած իրենց ծառայակից ընկերներին:

Հովհաննես Վարդանյանը Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից է: Նշում է՝ տղաները պատրաստ են տարվա ցանկացած եղանակի՝ ձմեռ, թե ամառ, գիշեր, թե ցերեկ, արթուն հսկել մեր երկրի սահմանները:

Նույնը մեջբերում է նաեւ երեւանցի Սուրեն Աթոյանը, ով հասուն տղամարդու նման է դատում, երբ խոսում է հայրենասիրության եւ սահմանների պաշտպանության մասին:

«Չենք քնում, որովհետեւ գիտենք, որ սպասողներ կան, իսկ այդ անհամբեր ծնողների, եղբայրների ու քույրերի, ընկերների ու սիրած աղջկա  անխռով կյանքի երաշխավորը մենք ենք»,- ասում է Վանո Մուրադյանը:

Զինվորը կոչում է, պատիվ, ինչին արժանանում են շատերը, բայց ոչ բոլորը: Հայ ազգի զինվորը  յուրաքանչյուրինս է: Չէ՞ որ նա է ապահովում մեր բոլորի  անդորրը՝ միշտ պատրաստ կանխելու հայրենիքի սահմանների հանդեպ  ցանկացած ոտնձգություն: Մենք հպարտանում ենք մեր զինվորներով: Աստված բոլորին պահապան:

Էդուարդ Մխիթարյան

Շարունակելի…

Ավելին
Back to top button