ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ՝ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ

Սահմանից այս կողմ… Ցանկություններ շատ ունեն, բայց համեստորեն միայն մեկն են բարձրաձայնում՝ խաղաղություն են ուզում

Իրավիճակը սահմանում հատկապես հուլիս- օգոտոս ամիսններին լարված էր: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվում էր ամեն օր, արդյունքում խախտվում էր հայ սահմանապահի, աշխատող գյուղացու անդորրը: Հողի հետ կռիվ տալու եւ սեփական քրտինքով հաց վաստակելու փոխարեն այգեպարցին, չինարեցին, ներքին կարմիրաղբյուրցին, մովսեսցին, տարեց թե երիտասարդ, կին թե տղամարդ, մտածում էին միայն պաշտպանվելու մասին:

Նենգ թշնամին գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում թույլ չտվեց գյուղացուն հաց տնտեսել: Կրակոցները տեւական ժամանակ չէին դադարում:Օգոստոսյան լարված իրավիճակը համախմբեց քաղաքական դաշտը: Ընդդիմադիր եւ իշխանական թեւը ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչները մի քանի անգամ այցելեցին սահմանամերձ շրջաններ, տեղում ծանոթացան գյուղաբնակների խնդիրներին:
Խնդիրների ուսումնասիրում, բարձրացված հարցերի քննարկում: Հարկային ու սոցիալական որոշակի արտոնություններ եղան: Հայ մշակն արդար պահանջ էր ուղղել գործադիր իշխանությանը:

Քննարկումները սահմանից տեղափոխվեցին մայրաքաղաք: Օրեր շարունակ Հայաստանի Ազգային ժողովում քննարկվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որով նախ հստակեցվեց սահմանամերձի կարգավիճակ ունեցող համայնքներին ցանկը, ապա տրամադրվող աջակցության ձեւը: Մեր երկրի հյուսիս-արեւելյան սահման տանող ճանապարհն անգամ վտանգներից զերծ չէ: Կան հատվածներ, որոնք գտնվում են ադրբեջանական հենակետերի դիմաց՝ նշանառության տակ: 2013-ի հոկտեմբերին Իջևան-Բերդ ավտոճանապարհի այս հատվածում հակառակորդը կրակ էր բացել քաղաքացիական ու զինվորական մեքենաների վրա, որի հետևանքով զոհվել էր ժամկետային մեկ զինծառայող, ևս երեքը՝վիրավորվել: Միայն այդ հատվածում անցյալ տարի 3 զինվորական է զոհվել, 11 վիրավոր ենք ունեցել:

Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ որոշվեց կառուցել շրջանցիկ Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը: Կառուցվող ճանապարհն ավելի հեռու է հակառակորդի դիտակետերից, իսկ առավել վտանգավոր հատվածը մի քանի մետր բարձրությամբ պաշտպանիչ հենապատ կունենա: Գաբիոնե պատի կառուցման աշխատանքները մեր այցելության ժամանակ ընթացքի մեջ էին: Այս հատվածը երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար, սակայն այն դեռ ամբողջովին պատրաստ չէ։ Մինչ կառուցումը շրջակա համայնքների բնակիչները եւ հյուրերը պետք է օգտվեն այլընտրանքային ճանապարհներից:

ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը նույնպես, դժվարությամբ, բայց մեր վարորդի հմտության շնորհիվ, անցավ շրջանցիկ ուղիով: Այս ճանապահը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, շրջանցում է ադրբեջանական դիրքերից կրակի տակ պահվող հատվածները։ Աշխատանքներն այստեղ ավարտվելու էին դեռևս հունիսին, սակայն 3.2 կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհի շինարարությունը, որի համար բյուջեից հատկացվել է շուրջ 900 միլիոն դրամ, կավարտվի հաջորդ տարի:
Իսկ հիմա արդեն գյուղի եւ գյուղացու առօրյայի, իշխանությունների վերաբերմունքի մասին: Չնայած առկա բազմաթիվ դժվարություններին՝ հերոս մարդիկ դժգոհություններ քիչ են հայտնում: Պատերազմի բոհով անցած սահմանապահները քչով էլ են բավարարվում: Ցանկություններ շատ ունեն, բայց համեստորեն միայն մեկն են բարձրաձայնում՝ խաղաղություն են ուզում:

Մարդիկ հույս ունեն, որ ներդրողներ կհայտնվեն եւ իրավիճակն այս առումով կփոխվի, կստեղծեն աշխատատեղեր, որոնք կլուծեն նաեւ բնակչության զբաղվածության խնդիրը: Ինչ վերաբերում է սոցիալական աջակցությանը, համաձայն որի համայնքի բնակիչների լույսի, գազի եւ ջրի վարձերը մասամբ կփոխհատուցվեն պետական բյուջեից, ըստ համայնքապետերի՝ դրական եւ ողջունելի որոշում է:

Ավելին
Back to top button