ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Չգիտենք՝ դեպի ուր ենք շարժվում, կամ շարժվու՞մ ենք արդյոք». Ե. Վարոսյան

«ԱԱԾ-ն եւ ՊՎԾ-ն մի քիչ կալիբրով շատ տարբեր կառույցներ են, որպեսզի իրենց մեջ մրցակցություն լինի, եթե կա քաղաքական առումով իրենց ղեկավարների մեջ ինչ-որ մրցակցություն, դա բոլորովին այլ խնդիր է»:

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանն՝ անդրադառնալով այս օրերին ԱԱԾ-ՊՎԾ հարաբերություններում տեղի ունեցող զարգացումներին:

Նա անդրադարձավ կառավարության ընդհանուր գործունեությանը՝ ասելով, որ 9 ամսվա ընթացքում կոնկրետ գործնական քայլեր տեսանելի չեն կառավարության կողմից:

«Ուղենիշները տեսանելի չեն, թե դեպի ուր ենք գնում: Մենք ըստ էության տեսնում ենք խոսքեր, ճառեր՝ երբեմն ոգեւորիչ, երբեմն հիասթափեցնող: Քայլեր են պետք, նախ պետք է ուղենիշներ սահմանել, որ  մեզ համար՝ որպես քաղաքացի, հասկանալի լինի, թե «բարեփոխում» բառի տակ ինչ են հասկանում, դեպի ուր ենք գնում: Չգիտենք՝ դեպի ուր ենք շարժվում, կամ շարժվու՞մ ենք արդյոք, թե ամեն ինչ լավ էր, եւ ընդամենը անհրաժեշտ էր փոխել մի քանի պաշտոնյայի»:

Ինչ մնում է կառուպցիայի դեմ ՀՀ կառավարության պայքարին, Վարոսյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ դասագրքային պայքար կա:

«Ընտրովի «ինչ-որ մեկին թիրախ սարքել, գնալ առաջ» տարբերակով մենք չենք հաջողի, չենք կարող գնալ առաջ: Եթե մեկի կողքով անցնում ես, մյուսին պատժում, ուրեմն դու դառնում ես այն, ինչ պետք չէ, որ դառնաս: Քանի որ ինձ ոլորտային առումով շատ մոտ է արդարադատության նախարարությունը, ես կարող եմ փաստել, որ չեմ տեսել այդ փոփոխությունը, որ պիտի տեսնեի: Նախկինում բարձրաձայնում էինք, որ փաստաբանների պալատում հսկայական պետական միջոցներ ոչ նպատակային էին ծախսվում, պարզ է, որ պիտի լռեցվեր այդ ամեն ինչը: Տարեկան 50 մլն դրամի մասին է  խոսքը: Լավ,  ասենք եղավ հեղափոխություն, փակեցինք, քայլեցինք, նստեցինք, ուրախացանք, եկավ նոր արդարադատության նախարարը: Ճիշտ է, էլ ուրիշ բան չփոխվեց այդ նախարարությունում, բայց կարծես թե պետք է մոտեցում փոխվեր: Արդեն 9 ամիս է՝ մոտեցում չկա: Եթե մենք ոչինչ չենք փոխելու, էլ ինչի համար էր այս ամենը: Անձինք ոչինչ են, անձանց գործունեությունն է իրավիճակ փոխում»:

 

Ավելին
Back to top button