ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Եթե «Լուսավոր Հայաստանը» կապ ունի Ս. Սարգսյանի իշխանության հետ, ինչպես էր ՔՊ-ն ԵԼՔ դաշինք կազմում «Լուսավոր Հայաստանի» հետ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով կառավարության ծրագրին, նշեց. «Մեզ համար կարևոր է այն բովանդակությունը, որը դրվել է ծրագրի մեջ, գաղափարը և ուղենիշը»:

Ինչ վերաբերում է խմբակցության ներսում եղած տարակարծություններին, Մակունցը նշեց, որ ընթացքում եղել ենք քննարկումներ, մտահոգություններ, երբեմն բորբոքված արձագանք, բայց քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ կարևորը գաղափարն է:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ մարդիկ աղքատությունն առաջին հերթին պետք է իրենց գլխում հաղթահարեն, Լիլիթ Մակունցը նշեց, որ հոգեբանությամբ, վերաբերմունքով և վարքագծով է պայմանավորված.

«Վեր կենալ առավոտյան և մտածել՝ ես ինչ եմ ուզում անել այսօր և ինչ կարող եմ անել դրան հասնելու համար»,- նշեց Մակունցը:

Անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին և ուժային կառույցների կարգավիճակին՝ Լիլիթ Մակունցը նշեց. «Մենք պետք է փորձենք տեսնել՝ ինչն է, որ մեզ չի բավարարում որպես օրենսդիր՝ հաշվետու պահելու այդ կառույցները, և համապատասխան գործողություններ իրականացնենք»:

Անդրադառնալով վերջին շաբաթում կառավարության ծրագրի շուրջ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներին, բանախոսը նշեց. «Եղել են երկուստեք էմոցիոնալ, հուզական ելույթներ, կարծում եմ՝ դա նորմալ է: Ես տեսնում եմ ցանկություն՝ երկուստեք հնարավորինս ունենալու լավ ծրագիր և հստակեցնելու, որպեսզի մենք կարողանանք այդ ծրագիրը կյանքի կոչել,- նշեց Լիլիթ Մակունցը՝ հավելելով,- ես համարում եմ, որ դեռ աշխատելու շատ տեղ ունենք, որպեսզի ունենանք ավելի լավ, ավելի կառուցողական խորհրդարան, և երկուստեք տեսնում եմ այդ ջանքերը»:

Ավելին
Back to top button