ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Պատեհապաշտ մարդիկ կան Փաշինյանի թիմում, որոնք առանց փողի ոչինչ չեն անում, այն էլ մեծ փողերի, 1000 դոլարը իրենց հերիք չէ»

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ հայ հասարակությունը պահանջում է իշխանություններից մի բան, որ ինքն իրենից պատրաստ չէ պահանջել:

«Այսինքն՝ ինքն ուզում է մնալ հին աշխարհում, հին Հայաստանում, բայց իշխանություններից պահանջում է կերտել նոր Հայաստան: Արժեքային համակարգում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, որովհետև հասարակությունը հանձնեց իշխանությունը մի անձի, որն ինքնին արդեն վտանգավոր է, առանց հակակշիռների, ասելով՝ չէ՜, մենք մնացած որևէ մեկին չենք վստահում, մնացածը վատն են, էս մեկը՝ լավը: Դե որ լավն է, տվեցի՞ք ամբողջ իշխանությունը, ուրեմն գոնե հիմա վերահսկե՛ք, պահանջե՛ք»,- նշում է Հովսեփ Խուրշուդյանը:

Նա միևնույն ժամանակ հիշեցնում է՝ ամենաշատն ատում են այն մարդկանց, ում ամենաշատը սիրել են:

«Քաղաքականության մեջ պետք է սթափ դատողությունների հիման վրա քայլեր անես»:

Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ իշխող քաղաքական ուժն իր հերթին պատրաստ չէ ժողովրդավարության:

«Եթե իրենց մոտ ինչ-որ թեկուզ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնչում է գաղափար, մի տեսակ վախվորածություն կա հակադրվելու: Նույն հիմնի գաղափարը, որն Ալեն Սիմոնյանը առաջարկեց. հասարակությունն ընդդիմացավ, սկսվեց քննադատությունը, մեծ ալիք… և միայն նոր սկսեցին այնտեղ տեսնել, որ հասարակությունը միարժեք չի ընդունում, և հայտարարեցին, թե մենք էլ ենք դեմ: Միանգամից ասեիք, ի՞նչ կար այդտեղ վախենալու, այն էլ այնպիսի մի ոչ դարակազմիկ հարցի շուրջ…»:

Հովսեփ Խուրշուդյանը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը վախենում է կորցնել իշխանությունը: Նույնը չի կարող ասել մյուսների մասին. «Ներքևինները հասկանալով, որ իրենք կապ չունեն այդ լեգիտիմության հետ, այլ միայն Նիկոլ Փաշինյանը կապ ունի, իրենք ամբողջությամբ կախված են դառել Նիկոլ Փաշինյանից, նրա կարծիքից և տրամադրություններից»:

 

Ավելին
Back to top button