Նորություններ

«Մեր երեխաների բերանից կտրում պահում ենք «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը». Ն. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում անցկացվել են խորհրդարանական լսումներ, որի ժամանակ քննարկվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում քննադատություններ է հնչեցրել ճանապարհային նշանների, գծանշումների սխալ դասակարգման վերաբերյալ: Իր ելույթում մասնավորապես նշել է. «Խոսում ենք գծանշումների մասին, բայց տպավորություն է, որ դա լարած թակարդ է, որ վարորդը գա ընկնի թակարդի մեջ: Երեւան մտնելիս գրված է «Վերին Պտղնի» եւ ինչ-որ նշանով դեպի Պտղնի սլաք է: Պետավտոտեսչության ներկայացուցիչները մտնող վարորդին ասում են` բնակավայր եք մտել, նայում զարմանում են, թե ուր է բնակավայրը, ում մտքով կանցնի, որ դա բնակավայր է»:

Բացի դրանից, նա անդրադարձավ «Սեքյուրիթի  Դրիմ» ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո բնակիչների վրա կուտակված պարտքերին. «11 մլրդ դրամի պարտք է կուտակվել քաղաքացիների վրա, այսինքն` քաղաքացիները այդ գումարով պահում էին իրենց երեխաներին, հիմա պահում են ընկերությանը: Հանրությանը հայտնի է, մամուլը պնդում է, որ այդ ընկերության հովանավորը Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն է: Այսինքն` այդքան գումարը կտրում են երեխաների բերանից: Երեկ իմ աչքի առաջ Հովիկ Աբրահամյանի կորտեժը նկարվել է տեսախցիկի առջեւ, հիմա ինչ, տուգանելո՞ւ եք Հովիկ Աբրահամյանին, ու ոչ միայն Հովիկ Աբրահամյանի կորտեժն է նկարվում, այլեւ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը եւ այլք, հիմա բոլորը հավասար չե՞ն օրենքի առաջ, թե՞ ոմանք ավելի հավասար են՝ հայտնի առակի նման»:

Ապա Փաշինյանը առաջարկեց. «Տեսախցիկները ուղղակի պետք է հետեւեն երթեւեկությանը, տեսախցիկներով ոստիկանությունը պետք է հետեւի երթեւեկությանը, ինձ համար միանշանակ է, որ արագաչափերը պետք է հանվեն»:

Ավելին
Back to top button