ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Ինչու՞ Նիկոլ Փաշինյանն իր խոստումը չի կատարում

ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը պետաիրավական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ՝ 8 կողմ և 4 դեմ ձայներով: Քվեարկության դրվեցին նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացրած առաջարկները, սակայն չընդունվեցին:

Քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշելով, որ անցած տարի մայիսին, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու էր, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարվեց, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, հարց բարձրացրեց՝ հիմա ինչո՞ւ այդ խոստումը չի կատարվում։

Հիմնական զեկուցող, ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանն ի պատասխան նշեց, որ կատարողը կառավարությունն է և ներկայացրել է այնպիսի կառուցվածք, ինչպիսին ինքը ցանկանում է:

Մարուքյանն արձագանքեց, որ ինքը չի վիճարկում կառավարության մենաշնորհը կառուցվածքի ներկայացման հարցում, պարզապես ցանկանում է իմանալ՝ հիմա ինչո՞ւ չի կատարել, միգուցե ինչ-որ բա՞ն է փոխվել։ Հովակիմյանն էլ առաջարկեց հարցն ուղղել Նիկոլ Փաշինյանին:

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ «կասկածելի բարեփոխում» համարեց նախագիծը՝ նշելով, որ նախարարություններն իրար միացնելուց առաջ պետք է շատ նախադրյալներ հաշվի առնել: Պետք է ունենալ պատասխանատվություն՝ բոլոր հարցերը կարգավորելու ըստ համապատասխան ոլորտների:

Ի պատասխան՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ ընդամենը մեկ «դուխով առաջ գնալու» նախարարությունը քիչ է:

Ավելին
Back to top button