Նորություններ

«Մենք շատ լավ հասկանում ենք՝ մեր դիմաց կա հակառակորդ, որը պատրաստվում է պատերազմի». Արծրուն Հովհաննիսյան

«Եթե իրենք պետք է սա որակեն ահաբեկչություն, ապա կարծում եմ համաշխարհային հանրությունը խնդիր ունի ահաբեկիչներին ճիշտ գնահատական տալու… Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր դիմաց կա հակառակորդ, որը պատրաստվում է պատերազմի»,- հակադարձելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, թե Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունն ահաբեկչություն է, նշեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախարարն ընդամենը ասել է՝ եթե մենք որպես կանոն չենք սիրում խոսել պատերազմից և միշտ պատրաստ ենք խաղաղության, դա չի նշանակում իրավիճակը և պատերազմական գործողություններով առաջին հարվածը հասցնելու իրավունքը մենակ ձեզ է տրված:

«Զարմանալի է՝ մի պետություն, որը երբեք չի խորշել հարվածելու, հարձակվելու, քնած մարդուն կացնահարելու, պատերազմ սանձազերծելու, միշտ դեմ է եղել առաջնագծում լարվածությունը թուլացնելու և նմանաբնույթ բաների, մյուս կողմին անվանի ահաբեկիչ, այն դեպքում, երբ որ Դավիթ Տոնոյանն ընդամենը ասել է՝ մեր հետ շանտաժի լեզվով մի խոսեք, այսինքն իրավիճակը պատերազմի վերածելու իրավունքը մենակ ձեզ չի տրված»:

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝ պետք է մենք ինքներս մեզ հարց տանք՝ ով է ռազմատենչ հայտարարությունների ջատագովը, ով է նրա չեմպիոնը, ով է դրա առաջին կրողը, ով է ամեն օր դրա մասին խոսում, ով է ասում, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն չի ունեցել, հայկական հողեր չեն եղել, և այդ ամենն իրենք մեզ վարձով են տվել, և այլևս բան չենք ունենա ասելու:

«Իհարկե յուրաքանչյուր բանակ նախևառաջ պատերազմելու գործիք է, բոլորդ դա լավ հասկանում եք, բայց աննորմալ է, որ որևէ հանրություն, պետություն, անգամ բանակ չի հասկանում խաղաղության գինը»:

Նշենք՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ ավելացվելու է գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարի արած հայտարարությանը՝ նրան «ահաբեկիչ» որակելով: 

Ալինա Սիմոնյան

Ավելին
Back to top button