Նորություններ

Թուրք պատգամավորները հայտարարել են, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հնդկաստանի ու Պակիստանի միջև

Թուրքիան  արձագանքել է Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին օրերին առաջացած լարվածությանը։

Ինչպես հայտնի է, երկու երկրների միջև գտնվող Քաշմիր տարածքը վեճի առարկա է  արդեն տարիներ շարունակ։ Քաշմիրի մի մասը վերահսկվում է Պակիստանի, մյուսը՝ Հնդկաստանի կողմից։  Մի քանի օր առաջ Պակիստանը հայտարարել էր, որ խոցել է 2 հնդկական ռազմական ինքնաթիռ , որոնք ներխուժել էին իրենց օդային տարածք: Նախօրեին էլ Հնդկաստանը հայտարարել էր, որ ավիահարվածներ է հասցրել Քաշմիրում պակիստանցի զինյալների ճամբարին:

Մասնավորապես իշխող ԱԶԿ կուսակցության պատգավորներ Ալի Շահինն ու Բուրհան Քայաթուրքը հայտնել են, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել 2 երկրների միջև առկա լարվածությունը նվազեցնելու նպատակով։

Թեմային արձագանքել է նաև  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: 
«Կոչ ենք անում  2 երկրներին ողջախոհություն  և զսպվածություն ցուցաբերել։ Անհրաժեշտ է խուսափել լարվածությունը թեժացնող քայլերից»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքերով՝ Թուրքիան այժմ փորձում է բանակցել երկու կողմերի հետ առկա լարվածությունը թուլացնելու  համար։ Ըստ Չավուշօղլուի՝ նա արդեն հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի արտգործնախարարի հետ, ով թուրքական կողմին իրազեկել է, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի կարծիքով,  Քաշմիրի հարցը պետք է լուծել որքան հնարավոր է շուտ, քանի որ երկու երկրների միջև հակամարտությունն ազդեցություն է ունենում ողջ տարածաշրջանի վրա։

ermenihaber.am

Ավելին
Back to top button