Նորություններ

Մինչև ե՞րբ պետք է իշխանությունը հաշվետու չլինի քաղաքացիներին

Նախորդ իշխանությունների օրոք կուտակված հանրային մղձավանջն այն աստիճան խորն էր, որ Նիկոլի գալով մարդիկ երանության մեջ էին և լիահույս, որ նորերն ինչ էլ անեն, նախորդներից լավ կլինի։

Այս էյֆորիայի ալիքը հանգեցրեց նրան, որ Նիկոլը հանդգնություն ունեցավ Սերժի «հագով նախատեսված» սահմանադրությունն ամբողջապես «վերցնել» իրեն ու անել ավելին՝ անձնապես կազմած իր ցուցակներով պառլամենտ ու Երևանի ավագանի ընտրել տալ։ Դա բավարար չէր, հանրայնորեն անհայտ մարդիկ նախարար են նշանակված, իսկ նույնիսկ չափի միավորները չիմացողներն էլ՝ մարզպետ։

100 օրվա հաշվետվությունը ջրվեց միտինգով, 200 օրվանը՝ առհասարակ չհիշվեց։ Եվ այսօր՝ արդեն 9 ամիս անց, մի քանի չավարտված բանտարկություններից զատ, նոր կառավարության միակ «նվաճումը» ինքնապարգևատրումներն են։ Գումարած լուրերը, որ շուտով, անիրական խոստումների դիմաց, «Նաիրիտը» 1 դոլարով նվիրվելու է իր աճպարարություններով լայնորեն հայտնի մի շառլատանի։

Չի եղել և չկա ոչ մի հաշվետվություն։ Կառավարության ծրագիրն էլ նոր է ներկայացվում, երբ ամբողջ աշխարհում հակառակն է ընդունված՝ ծրագիրը նախորդում է ընտրություններին։

Եթե սթափ նայենք ընթացողին, ապա Փաշինյանի կառավարման թե մարտավարությունն ու ռազմավարությունը, թե արտաքին ու ներքին քաղաքականությունները, թե կադրային ու տնտեսական ու թե ցանկացած քաղաքականությունն ու մոտեցումները որևէ քննադատության չեն դիմանում։

Իհարկե, Սերժից մնացած ժողովրդական վախն այն աստիճանի է, որ միգուցե 1-2 ամսվա անգործության լիմիտ դեռ ունի Փաշինյանը, բայց կարծում եմ, որ մարդիկ պետք է հաշիվ տան իրենց, որ Նիկոլի կառավարական անգործությունը կոլապսի է բերելու թե՛ պետությանը և թե՛ ժողովրդին։

Մինչ Փաշինյանը շատ ծանր վիճակում եղած երկիրն անցած 9 ամիսներին զուտ օլիգարխիկ-մենաշնորհային դրվածքների վերացման հաշվին արդեն իսկ պետք է տնտեսական ու հոգեբանական մեծ վերելք-թռիչքի մեջ դրած լիներ։ Բայց փոխարենը ծանր ապատիա է ու հույսերի կորուստ։ Եվ դրա պատասխանատուն մեկ մարդ է՝ Փաշինյանը, որովհետև կառավարություն կոչվածը հենց ինքն է, ուրիշ ոչ ոք։

Մայիսից սկսած, անձամբ ես առաջարկներով համեմված մոտ 20 հոդվածներ եմ հրապարակել՝ հորդորելով կառավարությանն այս կամ այն նախաձեռնությունների ու մարտավարության։ Հարյուրավոր ուրիշներ նույնն են արել՝ հուսով, թե հո կույր չեն. եթե ջահել են, չգիտեն, ապա կարող են գոնե կողքերից հուշածը կարդալ ու փորձել ինչ-որ բան անել։ Բայց ավաղ, չկա նման միտում։ Իրենք «թքած ունեն» թե հուշարարների ու թե հասարակական կարծիքի վրա՝ ոչ որևէ քննարկում կա, ոչ էլ գիտակցումը, որ էսպես շարունակելն անթույլատրելի է։

Գործը հասել է նրան, որ պառլամենտական ֆրակցիայով փակ նիստեր են անում, քննարկում քրեորեն պատժելի ինքնապարգևատրումները ու ժողովից դուրս գալով էլ հպարտորեն ասում, թե պայմանավորված է ոչինչ չասել ժողովրդին։

Այդ երբվանի՞ց ֆրակցիան դարձավ բռնապետ, որի մասին արդեն ինֆորմացիան է գաղտնի։

Նախորդ իշխանություններին մենք թողել էինք, որ «նստեն մեր գլխներին» ու իրենց ուզածն անեն։ Հիմա էլ 9 ամսվա մեջ զրո արդյունքով Նիկոլն է ուզում նույնն անել։

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն է ուզում նույնիսկ իր քմահաճույքով շարժվող պառլամենտական վերահսկողությունից դուրս հանել ու որպես իր կամակատարն ունենալ։ Պադավատը ոնց կար, նույնն էլ մնացել է, դեռ մի բան էլ արդեն վերարկու հագցնելու են սպասում։ Վերարկու հագցնողին ես անձնապես եմ ճանաչում ու կարող եմ վկայել, որ հագցվողից մի քանի գլուխ բարձր որակի մարդ է, ուղղակի դժբախտություն է ունեցել ֆիզիկական գերազանց տվյալներով ծնված լինելու պատճառով թիկնապահ դառնալ։
Եվ ովքե՞ր են վերարկուի սպասողները։ Մարդիկ, որոնք ընդամենը քայլեցին և Նիկոլի ստվերի տակ իշխանություն դարձան։ Որոնք մինչ այդ չիր սարքող էին կամ էլ երրորդական կայքերում կցկտուր հոդվածներ գրող։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում երկրում, վեր է ամեն սպասումից։ Այդ պատճառով, մինչև հասունացող կոլապսը, ես իմ պարտքն եմ համարում այս ինքնակործան դինամիկայի մասին կարծիքս հրապարակայնացնել՝ ի հեճուկս կառավարական զոմբիների, որոնք բանակներով հարձակվում են Նիկոլին մի թթու խոսք ասող որևէ մեկի վրա։

Թող Նիկոլն իմանա, որ հինն այլևս չի շարունակվելու, որ ինչքան անցած ամիսներին, նույնիսկ անձնապես նվաստանալու գնով, մարդիկ գովել ու քաջալերել են իրեն, ապա հիմա սխալներն են վեր հանելու ու քրեական հոդվածների տեսքով մատուցելու։
Սխալվելու և անգործության բոլոր լիմիտներն են սպառված։ Եվ հեռու չէ այն օրը, երբ արդեն իր դեմ քայլողներն ու փողոց փակողներն են դուրս գալու ասպարեզ։

Ես հենց կոնկրետ եզակիով՝ Նիկոլի անունով եմ դիմում, որովհետև ինչպես ասացի, կառավարություն ասածը ֆիկցիա է՝ եղածը մեկ Նիկոլ է, որի կամքով է կատարվում կամ չի կատարվում ամեն ինչը։
Շարադրվածի լույսի ներքո անհապաղ հարց է դառնում նաև հասկանալը, թե ով է Նիկոլ Փաշինյանը որպես հոգեբանական-քաղաքական կերպար։ Որովհետև եթե չգիտես, թե ում հետ գործ ունես, կամ էլ սխալ գիտես հարցերը որոշողին, ապա դա նման է կույրերով մեկաչքանիի ետևից գնալուն, որի մեկ աչքի տեսողությունն էլ լրիվ ստույգ չէ։

Չգիտեմ, թե մասնագիտական գրականության մեջ ինչպես է մեկնաբանվում «գասկոնացու կոմպլեքսը», բայց իմ մտքում դա այն է, երբ բախտի քմահաճույքով պապենական գյուղից կամ էլ սահմանափակ վիճակից նոր, մեծ հնարավորությունների դաշտում հայտնված մեկն այլևս չի կարող կանգ առնել ամեն գնով առաջ գնալու ու վեր բարձրանալու իր մոլուցքի մեջ։
Այդպիսինը դառնում է ծայրահեղ ապասոցիալական, աչքին հանրային հարցերն անհետանում են և մնում են միայն անձնական հաջորդական նպատակները, որոնցում էլ միայն ու միայն այս կամ այն առավել բարձր դիրքերին հասնելու մոլուցքն է։ Իսկ որպես միջոց էլ ճանապարհին կանգնած կարևոր, «պետքական», հզոր մարդիկ են, որոնց պետք է հաճոյանալ կամ մոլորեցնել, որ իրենց օգնությամբ էլի առաջանա։

Իմ կյանքում ես մի քանի նմանների եմ հանդիպել ու գիտեմ, թե ինչ է դա իրենից ներկայացնում։ Համոզված եմ, որ այդպիսի «գասկոնացու» դասական օրինակ է նաև Նիկոլը։

Ինքը հասել է հայաստանյան բարձրագույն պաշտոնին, և քանի որ երկրում էլ առաջ գնալու տեղ չկա, հիմա իր ուշքն ու միտքը երկրից դուրս՝ միջազգայնորեն առաջանալն է։ Դրա համար է խունջիկ-մունջիկ լինում, թե անհարմար է զգում, որ իբր դրսերում իրենից դեռ սովորելիք ունեն։ Դրա համար է աշխատելու փոխարեն միայն լեզուներ սովորում։ Դրա համար է Մանդելային որպես իր հերոս տեսնում։ Դրա համար է Ղարաբաղի հարցում անիրական անկախության մոդելով հարցը առաջ տանում։ Ինչ է, աշխարհը կո՞ւյր է, չի՞ տեսնում, թե որտեղ է իր որդին ծառայում։ Ինչ անկախ Ղարաբաղի մասին կարող է խոսք լինել, եթե այդ Ղարաբաղում ամեն ինչն է հայկական՝ սկսած փողից, վերջացրած բանակով։

Հազար ու մի այլ վկայություններ էլ կան, որ Նիկոլն այլևս «թքած ունի» բոլորի ու ամենի վրա ու իր միակ հետագա նպատակը միջազգային մեծարումն է, նոբելյան մրցանակի հասնելու անիրական մոլուցքն է, որի համար պատրաստ է ամեն զիջման ու խելակորույս քայլերի։
Եվ հենց դա է պատճառը, որ ինքը դրժեց իր իսկ՝ ընդդիմադիր Նիկոլի տարրական խոստումներն ու լոզունգները՝ պահեց պադավատն ու Սերժի հագով սահմանադրությունը։ Իր ձեռքում է պահում իրավականն ու ուժայիններին։ Դրա համար թքեց ժողովրդավարության տարրական պահանջների վրա՝ դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքների վրա և պառլամենտն ու ավագանին լցրեց ցուցակային իր կամակատարներով։
Ես բազմիցս օգտագործեցի «թքել» բնորոշումը, որովհետև տեղին չի լինի այլ, ավելի մեղմ բնորոշիչը։ Բա թքել չէ՞, երբ որպես ընդդիմադիր մարդը բազմիցս խոսում է պադավատի անթույլատրելիության մասին և գալով իշխանության՝ բազմաթիվ զրահապատ մեքենաներով քաղաքի կենտրոնում երեկոյան մթնով փողոցի մեջտեղում ողջ շարասյունով շրջադարձ է անում։
Բա թքել չէ՞, որ աստիճանաբար թիմով տեղափոխվում են կառավարական ամառանոցներ ու քեֆերին էլ արդեն ռաբիսի տակ են տժժում։ Բացի այդ էլ, թքելու արվեստին ինքն արդեն հատուկ գրականության օգնությամբ է սկսում տիրապետել։ Նայիր օրինակ՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2275685839370554&set=p.2275685839370554&type=3&theater
Նման անհաղորդ բռնապետական վարք երևի մեկ էլ Ներոնն ու Կալիգուլան են ունեցել։

Ես հասկանում եմ, որ ասվածը քչերը կողջունեն, բայց կապրեք կտեսնեք։
Նախկինում ամենադաժան սրիկաներն էին ուզուրպացրել իշխանությունը, հիմա էլ՝ հանրության ձեռքերի վրա իշխանության հասած, բայց հանրության վրա թքած ունեցած աճպարարները։
Ոչինչ, իմաստուն հայրս ասում էր՝ լույսը կբացվի, բարին հետը։ Չեմ կասկածում, որ վաղվա օրվա լույսը բացվելու է այս իշխանություններին անտեսելու և արժանին մատուցելու բարին հետը։

Արա Հարությունյան

Ավելին
Back to top button