ՆորություններՔո ձայնը

Ոչ մի տնտեսական հեղափոխություն չի կարող հաջողել, եթե անցած ռեժիմին քաղաքական գնահատական չի տրվելու. Լեւոն Բարսեղյան

Հայաստանի Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ եւ կառավարության հարգելի անդամներ,

Հավանաբար վերջին անգամ եմ ձեր ուշադրությունը հրավիրում երկրի մի շարք ոլորտներում ծառացած խնդիրների մեր ընկալումը եւ դրանց լուծման մեր նկարագրած ելքերի նկարագիրը, որ հայեցակարգ ենք կոչել: Այն հրապարակվել է դեկտեմբերի վերջին, լայնորեն տարածվել եւ հատուկ ուղարկվել է ԱԺ բոլոր կուսակցությունների ղեկավարներին, մի շարք պատգամավորների, վարչապետին, առաջին փոխվարչապետին եւ ուրիշների:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել այս աշխատությանը, ժամանակ գտնել եւ ընթերցել այն: Ես համոզված եմ, որ առանց այդ խնդիրների լուծման մենք առաջընթաց չենք ունենալու, ոչ մի տնտեսական հեղափոխություն չի կարող հաջողել, եթե անցած ռեժիմին քաղաքական գնահատական չի տրվելու եւ մի շարք ոլորտներում արմատական եւ արագընթաց բարեփոխումներ չեն իրականացվելու: Այս հայեցակարգը համադարման չէ, այն մեր 15-20 տարվա աշխատանքի հանրագումարն է: Երկրի խնդիրները ամեն մարդ յուրովի է ընկալում, մի բան է խնդիրների մեր արծարծումների հետ համամիտ լինել եւ այլ լուծումներ մշակել, այլ բան է այստեղ բացված խնդիրները չընդունել որպես այդպիսիք կամ բոլորովին խնդիր չհամարել: Վերջին դեպքում, հասկանալի է, որ ոչ մի լուծման մասին էլ խոսք լինել չի կարող: Այս լուծումները մենք տարբեր ծավալներով երկար ժամանակ առաջարկել ենք նախորդ իշխանություններին եւ անտեսվել, ինչը զարմանալի չէր պետության զավթման ռեժիմի դեպքում: Գլուխներդ շատ չցավացնեմ:

Կուզեմ բոլորը տեղյակ լինեն, որ մենք մեր քաղաքացիական պարտքն ենք կատարել սա մշակելով, ոչ ոք մեզ պարտք չէ: Բայցեւ այս կամ առնվազն համարժեք լուծումների անտեսման դեպքում, հնարավոր ոլորտային կամ համընդհանուր խնդիրների ու ճգնաժամերի առաջացման կամ խորացման դեպքում «մենք բոլորս ենք մեղավոր» արտահայտությունը, մեղմ ասած, անլուրջ է հնչելու:

 Լեւոն Բարսեղյան

Հայեցակարգն՝ այստեղ

Ավելին
Back to top button