Նորություններ

«Այո, ես զանգել եմ Սերժ Սարգսյանին… որ ասեմ՝ ինչ էլ որ պետք է արվի, պետք չէ դա անել գիշերով». Լ. Ալավերդյան

«Այո, ես զանգել եմ Սերժ Սարգսյանին… ես զանգել եմ մի բանի համար, որ ասեմ՝ ինչ էլ որ պետք է արվի, այսինքն՝ եթե պետք է ցրվեն այդ հավաքները, ապա պետք չէ դա անել գիշերով, ավելի լավ է սպասել, մինչև լույսը կբացվի»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Անահիտ Բախշյանի արած այն հայտարարությանը, որ մինչ արտակարգ դրության մասին հրամանագրի վավերացումը ԱԺ-ում, Լարիսա Ալավերդյանը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ:

Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ զորքի մասին հարց չի տվել. «Այո, ես զանգել եմ, տիկին Անահիտը ամբողջովին ճիշտ է ասում, ինչին ի պատասխան ստացա այդպիսի պատասխան, որ արդեն ուշ է»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ Մարտի մեկի գործը շատ հեռու է բացահայտված լինելուց: «Մենք պետք է հստակեցնենք, Մարտի 1-ի գործը դեռ չի մտել մինչև անգամ դատարան: Դա կարող է բացահայտված թվալ կամ ցանկություն ունենալ, և վարչապետը ազատ է խոսել այն լեզվով, որով խոսում է, բայց ես շատ ցավում և կոչ եմ անում ավելի զուսպ բանաձևերի օգտագործման»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Մարտի 1-ի լիարժեք բացահայտմանն այսօր խանգարում է հուզական մթնոլորտը և քաղաքական ենթատեքստը:

Ավելին
Back to top button