ՆորություններՏնտեսական

«Ալյուրի գնի բարձրացումը հիմնավորված է, վարչական վարույթ հարուցելու հիմքեր չկան». ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ցորենի շուկայի ուսումնասիրությունից հետո եկել է այն եզրակացության, որ վարչական վարույթ իրականացնելու հիմքեր չկան, և ալյուրի գնի բարձրացումը հիմնավորված է: Այդ մասին ԳԱԼԱի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը շուկայի ուսումնասիրությունը սկսել էր անցյալ տարեվերջին: Դրա համար հիմք էր եղել ալյուրի գնի 10 դրամով բարձրացումը: Ըստ Գայանե Սահակյանի՝ բարձր տեսակի 1 կգ ալյուրի գինը 213 դրամից դարձել էր 223, 1-ին կարգինը՝ 194-ից 204, 2-րդ կարգինը՝ 145-ից 155 դրամ: Ոլորտում կան 2 գերիշխող տնտեսվարողներ՝ «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ընկերությունները, որոնք շուկայում ունեն համապատասխանաբար 52% և 23% ներգրավվածություն: Դրանցից բացի՝ շուկայում կան նաև ալյուր ներմուծող ևս մի քանի հարյուր ընկերություններ: Ոլորտում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությունից հանձնաժողովը պարզել է հետևյալը:

2018թ. սեպտեմբերին 1տ ցորենի ձեռք բերման համար վճարվել է միջին հաշվարկով 9500 ռուսական ռուբլի՝ առանց տեղափոխման ծախսերի, իսկ 2018թ. դեկտեմբերին ձեռք բերման գինը դարձել է 13,900 ռուբլի: Դա հիմնավորված է փաստաթղթերով: Այսինքն՝ ընկերությունների համար նշյալ ժամանակահատվածում ցորենի ձեռք բերման գինը բարձրացել է 4400 ռուբլով՝ մոտ 46%-ով, ինչն էլ ՀՀ-ում հացի գնի 10 դրամով բարձրացման է հանգեցրել:

«Եթե տնտեսվարողը բարձր գնով է ձեռք բերել, բնականաբար չի կարող վնասով աշխատել: Այս պահին չարաշահումների վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ խոսք լինել չի կարող»,- նշեց Գայանե Սահակյանը:

Ըստ նրա՝ ՏՄՊՊՀ-ն զուգահեռ ուսումնասիրել է նաև ռուսաստանյան շուկան և արձանագրել, որ 2018թ. ՌԴ-ում ևս ցորենի գները շարունակական աճ են գրանցել: Եթե 2018թ. հունվարին ցորենի ձեռք բերման գինը եղել է 8700 ռուբլի, ապա տարեվերջին արդեն հասել է 13 հազարի:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե արդյոք համարժե՞ք են ՀՀ-ում հացի իրացման ու ցորենի ներկրման և միջազգային շուկայում գների բարձրացումները, Գայանե Սահակյանն ասաց, որ ձեռք բերման ու իրացման գների մեջ հանձնաժողովը չարաշահում չի արձանագրել: Իհարկե, եղել են տնտեսվարողներ, որոնք դեկտեմբերին ունեցել են նախկինից ներկրած պաշարներ, որոնց պարագայում գները կայուն են պահել, իրացման գինը բարձրացրել են միայն նոր խմբաքանակը ներկրելուց հետո: Հանձնաժողովը հակամրցակցային համաձայնություն էլ չի արձանագրել, այդ մասին են վկայում ձեռք բերման փաստաթղթերը, որոնք 2 ընկերությունների պարագայում գրեթե նույնն են եղել:

ԳԱԼԱ-ի դիտարկմանը, թե գերիշխող ընկերությունները չէի՞ն կարող նախօրոք ՏՄՊՊՀ-ին նմանատիպ փաստաթղթեր տրամադրելու պայմանավորվածություն ձեռք բերել, հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը բացասական պատասխան տվեց:

«Դա բացառվում է, ընկերությունները չէին կարող կեղծ փաստաթղթեր ներկայացնել: Նման դեպք պրակտիկայում չի եղել»,- պնդեց նա:
ՏՄՊՊՀ նախագահի խորհրդականն ասաց, որ այս ուսումնասիրությամբ՝ հանձնաժողովը հարցը փակված չի համարում և, հաշվի առնելով տեղական ու միջազգային շուկայում զարգացումները, շարունակելու է իր դիտակետում պահել նշյալ ապրանքատեսակի շուկան:

ՏՄՊՊՀ նախագահի խորհրդականի տվյալների համաձայն՝ այժմ իրենց դիտակետում է բենզինի շուկան: Այստեղ այս ապրանքատեսակի գնի իջեցում էր արձանագրվել, այս դեպքում էլ են ուսումնասիրություն կատարում: Ուսումնասիրում են ոչ միայն գնային, այլև կառուցվածքային փոփոխությունները՝ պարզելու համար, թե շուկայում ինչ նոր սուբյեկտներ են հայտնվել, ինչ մասնաբաժիններ են ավելացել ու պակասել:

Դիտարկման հաջորդ կետը հավկիթի շուկան է: Դրա ուսումնասիրության համար հիմք են եղել անցյալ տարեվերջին մամուլի հրապարակումները, որոնց համաձայն՝ որոշ սուպերմարկետներում նկատվել էր հավկիթի թե՛ քանակի, թե՛ գնի բարձրացում: Դրանց արդյունքներն ամփոփելու համար մոտ 1 ամիս կպահանջվի: Օրենքով դրա համար 90-օրյա ժամկետ է սահմանված:

Առաջիկայում հանձնաժողովի ուսումնասիրությունների առարկա կդառնան պետգնումների, տնտեսվարողների կողմից սահմանված զեղչերի, անբարեխիղճ մրցակցության հետ կապված հարցերը:

Անահիտ Ավագյան

Ավելին
Back to top button