Նորություններ

«Ամբողջ աշխարհը գնում է գազաբաշխման ազատականացման ճանապարհով, մենք ինչի՞ չպետք է գնանք». Միքայել Մելքումյան

ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը մեկ ամիս նիստեր գումարեց, այն իր հետագա գործունեությունը շարունակելու է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետի համաձայն:

Հանձնաժողովի արձանագրած դիտողություններին, «Գազպրոմ Արմենիայի» գործունեությանը էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր իջեցմանը վեաբերող հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:

— Հանձնաժողովի նիստից հետո նշեցիք, որ գազամատակարար ընկերությունն ընդունել է կորուստների վերաբերյալ քննիչ հանձնաժողովի դիտողությունները: Իսկ դրան հետևե՞լ է որևէ հավաստիացում, որ կորուստները նվազեցնելու ուղղությամբ քայլեր են արվելու:

— Գազամատակարար ընկերությունը կորուստներն իջեցնելու համար պետք է մեծ ներդրումներ կատարի, իսկ ներդրումների ծրագիրը հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Վերջինս ինչ ծրագիր հաստատի, «Գազպրոմ-Արմենիան» պետք է կատարի, այլապես իր գործունեության հետ կապված խնդիրներ կունենա: Սա միայն գազամատակարարի խնդիրը չէ: ՀԾԿՀ-ն ի՞նչ չափի կորուստներ է դրել սակագնի մեջ, էական է, եթե հանձնաժողովը ցածր նորմատիվներ դնի, գազամատակարարը ներդրումներ կանի: Կան կորուստները սակագնի մեջ ներառելու նորմատիվներ: Հանձնաժողովի առաջ մենք համենայնդեպս այդ խնդիրը դրել ենք:

— Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է նաև, թե ինչի վրա է ծախսվել «Գազպրոմ Արմենիա»-ի շահութաբերությունը: Արդյո՞ք դա արդեն կընկնի 7-րդ գումարման խորհրդարանի ուսերին:

— Մենք 1 ամիս աշխատել ենք ինտենսիվ ու արդյունավետ: Մեր բոլոր առաջարկները նախնական զեկույցի մեջ կտրամադրենք ԱԺ քարտուղարությանը: Դուք ճիշտ եք ասում, որ գործը հնարավոր է հաջորդ խորհրդարանին բաժին ընկնի: Եթե ուզենա դրան անդրադառնալ, կանդրադառնա. գուցե նոր հանձնաժողով կստեղծի, գուցե լիագումար նիստում կքննարկի, գործիքներ կան, որևէ խնդիր չկա:

-Իսկ դուք կարծում եք՝ հաջորդ խորհրդարանը հակվա՞ծ կլինի քննարկել դա:

-Բոլոր խորհրդարաններն էլ հակված են քննարկել: Եթե դա բխում է ժողովրդի ու պետության շահերից, միշտ էլ կարելի է քննարկել: Ձևերը կան. նույն ՀԾԿՀ-ն տարեկան 1 անգամ հաշվետվություն է ներկայացնում: Եթե ինչ-որ խնդիրներ լինեն, կարելի է այդ շրջանակներում քննարկել:

— Դուք նշել էիք, որ անհրաժեշտ է քննարկել գազի փոխադրումը գազի բաշխումից տարանջատելու հարցը, ինչը մի շարք երկրներում ընդունված տարբերակ է: Կարո՞ղ եք մանրամասնել, թե մեզ մոտ դա իրագործելու ինչ ճանապարհ կա:

-Սահմանի վրա գազի գնի իջեցումը ՀՀ-ՌԴ կառավարությունների բանակցությունների արդյունք պետք է լինի, մինչև Նոր տարի արդյունքները կերևան: Ինչ վերաբերում է գազաբաշխման ու փոխադրման համակարգերի տարանջատմանը, ապա դա իմ գաղափարն է, աշխարհում նման փորձ կա: Այսպես, փոխադրումը մայրուղով փոխադրումն է, իսկ բաշխումը՝ սպառողին հասցնելը: Բնականաբար, ամենից շատ ծախսերը բաշխման համակարգում են լինում, թեպետ որքան էլ զարմանալի է, ի տարբերություն մյուս երկրների, մեզ մոտ կորուստների մեծ մասը փոխադրման համակարգում է: Իսկ դա նշանակում է, որ մայրուղու որոշ հատվածներում բացվածքներ կան: Եվ երկրորդ՝ եթե «Գազպրոմ Արմենիան» չի կարողանում սպառողի համար գին իջեցնել, կարող են մրցույթ հայտարարել, մասնագիտացված ֆիրմաներ գան և բաշխման մասը իրականացնեն՝ ապահովելով նաև «Գազպրոմ Արմենիա»-ի շահույթը: Ամբողջ աշխարհը գնում է գազաբաշխման ազատականացման ճանապարհով, մենք ինչո՞ւ չպետք է գնանք:

— Հանձնաժողովում խոսվել էր նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման համար համապատասխան ռեզերվների հայթայթման ուղիների մասին: Որպես սակագնի հնարավոր ժամկետ նշվել էր 2019թ. փետրվարը: ՀԾԿՀ-ն որոշում կայացնելու համար 90-օրյա ժամկետ ունի: Այստեղից ենթադրելի՞ է, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն արդեն հիմա պետք է հայտ ներկայացնի ՀԾԿՀ, եթե այո, ժամկետում կհասցնի՞:

-Այո, ես ասել եմ, որ հնարավոր է փետրվարի 1-ից 3-3.5 դրամով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ընդ որում՝ ինչի մասին խոսում եմ, դրա մասին նաև բանակցում եմ ՀԾԿՀ-ի հետ:

ՀԷՑ-ի շահութաբերությունը կարելի է 14%-ից իջեցնել 12%-ի, սա արդեն իրականությանը մոտ է, որովհետև բարձր շահութաբերություն սահմանում են այն ժամանակ, երբ ռիսկայնությունը մեծ է, ֆինանսական անկայուն վիճակ է: Հիմա ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը շատ լավ է, կայուն իրացման շուկա ունի: Երկրորդ ռեզերվն այն է, որ սակագնում կորուստները 11,03% են նշված, բայց հիմա փաստացի 9% է: 2 տարուց կանխատեսում ենք 7,4%: Մենք կարող ենք հիմա ստիպել, որ կորուստներն իջնեն 7%-ի, բայց քանի որ առաջիկա տարիներին կրկին իջնելու միտումներ կան, դա այժմ հետաձգում ենք: Բայց հիմնական ռեզերվը ոչ թե ՀԷՑ-ի մեջ է, այլ արտադրող կայանների: Ունենք ատոմակայան և Երևանի ՋԷԿ, որոնք արտադրում են էլեկտրաէներգիայի 55%-ը, 100%-ով պետական կառույցներ են, պետք է դրանց ծախսերն օպտիմալացնել, շահութաբերությունն իջեցնել: Արդյունքում՝ այդ ոլորտից 2,5 դրամի իջեցումը կունենանք: Ասածս այն է, որ պետք է շղթայում ռիսկերը բաշխել. 1 դրամով կարող է ՀԷՑ-ը իր շահութաբերությունն իջեցնել, 2-2,5 դրամ՝ արտադրող կայանները: Ըստ հաշվարկի՝ 2 դրամ սակագինն իջեցնելու համար անհրաժեշտ է 5,5 մլրդ դրամ: Իսկ ինչ վերաբերում է հայտի ներկայացմանը և այն ժամկետում հասցնելուն, ապա ՀԷՑ-ը հայտը կներկայացնի մինչև փետրվարի 1-ը, հետո արդեն կիջեցվի: Կարևորը՝ դրա մասին հայտարարի, մնացածը տեխնիկական հարց է, թեկուզ ժամկետի 15-20-օրյա տատանում լինի. դա խնդիր չէ: Օրենքի կիրառման գործիքների մասին կարելի է հետո մտածել:

Զրույցը՝ Անահիտ Ավագյանի

Ավելին
Back to top button