Նորություններ

«Շատ մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ». Փաշինյան

Լրացված՝ 20:42

Էական չէ, թե ինչ տեղի կունենա վաղը ԱԺ-ում, էականն այն է, որ հայ ժողովուրդը հաղթել է, եւ ոչ ոք դա չի կարող կասկածի տակ դնել: Վաղը հրապարակում պետք է տեղի ունենա տոնախմբություն եւ հայ ժողովուրդը պետք տոնի սեփական հաղթանակը:

Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում վաղը առավոտվա 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում, ոչ մի փողոց չփակել, բողոքի տրամադրություն չունենալ, հավաքվել Հանրապետության հրապարակում եւ տոնել սեփական հաղթանակը:

Լրացված՝ 20:34

Նիկոլ Փաշինյանի՝ հարթակին մոտենալուն պես հանրությունը սկսեց վանկարկել «վար-չա-պետ»: Փաշինյանը հայտարարեց, որ վաղը՝ մայիսի մեկն է, եւ աշխարհի ուշադրությունը կենտրոնացված է Երեւանի վրա:

«Կարծես վաղը տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը: Ժողովրդին իսկապես հաջողվեց վերջին 15 օրերին դարձնել Հայաստանը աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը:

Հայաստանը այսուհետ լինելու է ամենակենտրոնական տեղերից մեկը երկրի վրա»: Փաշինյանը ներկայացրեց, որ այսօր Ելք խմբակցությունը պաշտոնապես ներկայցրել է իր թեկնածությունը որպես վարչապետ եւ որեւէ այլ թեկնածու չի առաջադրվել:

«Աժ չորս խմբակցություններից երեքը հայտարարել է, որ քվեարկել է իմ թեկնածության օգտին, իսկ ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի խոչընդոտելու քվեարկությանը: Շատ մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»:

Լրացված՝ 20:22

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը ներկայացրեց ժամանակավոր կառավարության հիմնական ֆունկցիաները՝ ասելով. «Ես վստահ եմ վաղը՝ մայիսի մեկին, ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին կընտրի ՀՀ վարչապետ, որից հետո ժամանակավոր կառավարություն պետք է կազմվի:

Իմ համոզմամբ՝ այն ունի հետեւյալ ֆունկցիաները.

1.Ապահովել լայն քաղաքական համերաշխություն

2 Տալ օպերատիվ լուծումներ առաջնային էական հարցերին. Ակնկալել տնտեսական հրաշքներ ժամանակավոր կառավարությունից չենք կարող

3. Ստեղծել մեխանիզմներ՝ ընտրական համակարգի փոփոխման համար. Պետք է բարեփոխվեն մի շարք օրենքներ, որոնք էական ազդեցություն կունենան ընտրական պրոցեսի վրա

4. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում:

Լրացված՝ 20:10

Արսինե Խանջյանը եւս հարթակին մոտենալով՝ հուզվեց, ապա հայտարարեց. «Այսքան ժպիտ չեմ տեսել կյանքի մեջ, դուք արդար պահանջներով եւ ժպիտով բերեցիք հաղթանակ»:

Նա իր երախտապարտությունը հայտնեց երիտասարդներին՝ ասելով, որ չէին պատկերացնում, որ Հայաստանը կարող է փրկել ինքն իրեն գեղեցիկ պայքարով: Նա խնդրեց նեցուկ լինել նոր վարչապետին եւ համբերատարությամբ Նոր Հայաստան կերտել:

Լրացված՝ 20:00

Համաշխարհային լողորդ Շավարշ Կարապետյանը հարթակին մոտենալով հուզվեց, ինչի ի պատասխան հանրությունը վանկարկեց. «Դու-խով, դու-խով»:

Նա շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ ասելով, որ ինքը ՌԴ-ից է եկել՝ ասելու, որ ՌԴ-ում ապրող հայերը ժողովրդի կողքին են. «Թող պապանձվի այն լեզուն, որ համարձակվում է ասել, թե այստեղ ճշմարտություն չկա: Ճշմարտությունը այստեղ է, այս դահլիճը, այս երիտասարդները»:

Լրացված՝ 19:45

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները Գարեգին Նժդեհի հրապարակից հասան Հանրապետության հրապարակ։

Հրապարակը դարձյալ մարդաշատ է: Արդեն սկսվել են ելույթները:

Ավելին
Back to top button