Նորություններ

Եվրոպացին հետապնդում է իր շահը, մեզ վերաբերվում որպես տհաս աբորիգենների

«Երկակի չեն ստանդարտները, եռակի ու բազմակի են, ինչքան պետք է, այնքան էլ ցինիկ ու ռացիոնալ են ու շահավետ իրենց համար, այլ ոչ Հայաստանի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է մեկնաբան Արա Հարությունյանն՝ անդրադառնալով միջազգային կառույցների կողմից Հայաստանի իշխող վարչախմբին տարիներ շարունակ տրվող ֆինանսական աջակցությանը:

«Ռուսաստանը կործանվում է, որովհետև այն դեռ 91 թվից իր ճիրաններում է պահում համաշխարհային ֆինանսական մաֆիան»,- հիշեցնում է Արա Հարությունյանը:

Ստորև՝ հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարոն Հարությունյան, միջազգային կառույցների կողմից ահռելի աջակցություն գործող ռեժիմին եղել է հատկապես 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից սկսած: Բավական է նշել, որ արտաքին պարտքը գրեթե քառապատկվել է, սոցիալական վիճակը վատթարացել, ժողովրդավարական ազատությունների սահմանը՝ նեղացել: Այս աջակցությունը իշխող ռեժիմին, սակայն, չի դադարում: ԵՄն հերթական չափաբաժինն է խոստանում տալ, ԱՄՆն իր հերթին քննադատում է, որ կոռուպցիան հարկավոր է արմատախիլ անել, բայց շարունակում է սնել ու կերակրել գործող իշխանություններին: Ձեր կարծիքով ինչո՞ւ:

-Ես չեմ կարծում, թե որևէ որակական տարբերություն կա արևմտյան օգնության մեջ 2008-ից հետո։ Այն մոնոտոն միշտ էլ նույնն է եղել։ Եվրոպա ու ԱՄՆ ասածները նույն բանն են աշխարհաքաղաքական առումով, իսկ արևմտյան կոնկրետ բանկերը՝ մի քիչ այլ։
Քաղաքական սուբյեկտներից ստացված օգնությունը քաղաքական հեռահար նպատակներ է հետապնդում՝ տեղական իշխանություններն իրենց ձեռքում պահելու և մանիպուլացնելու, որպես խամաճիկ օգտագործելու միտումով։ Իսկ բանկերից եկած վարկերն ագրեսիվ կոմերցիոն են՝ նպատակ ունենալով մեզ՝ որպես տհաս աբորիգենների, շահագործել-թալանելու։

Այդ ձեռագիրն անկախությունից ի վեր չի փոխվել և չի էլ փոխվելու։

Արա Հարությունյան
Արա Հարությունյան

Ամեն ժողովրդի բարգավաճումը տվյալ էթնոսի խնդիրն է։ Պետք է ազգի էլիտան ուղղորդի մարդկանց խնդիրները հասկանալու, ըստ դրա քաղաքական նպատակներ ձևակերպելու, իրեն ենթակա ու երկրի առջև ծառացած խնդիրները սպասարկող իշխանություն հաստատելու։ Այդ դեպքում ոչ մի արտաքին խաբուսիկ միջամտություն չի կարողանա ազդել երկրի վիճակի ու ապագայի վրա։

Իսկ մեզանում տհաս-տգետ ու պնակալեզների արժեքային է, ու համապատասխան էլ իշխանություն։ Դրսերի համար դրանից հարմար իրավիճակ պատկերացնելն անհնար է։ Հայկական այս իշխանություններն իրենց հակազգային-հակապետական վարքով ձեռնտու են թե ռուսներին, թե Արևմուտքին և թե Ալիևին ու Էրդողանին։

Մեկ օրինակ բերեմ՝ գոյություն ունի հստակ գին տեղադրված էլեկտրական հզորությունների վերաբերյալ։ Օրինակ՝ արդեն կառուցված և ջրով ապահովված հիդրոկայանի դեպքում մեկ վատ ապահովող կառույցի գինը մոտ 7-10 դոլար է։ Հետևաբար 600 մեգավատ հզորություն ունեցող Սևանի կասկադի մոտավոր արժեքն առնվազն 4 միլիարդ էր։ Քոչարյանն այն տվեց ռուսներին 100 միլիոնով, այսինքն իր իրական արժեքից 40 անգամ ցածր։
Լավ, ենթադրենք թքած, որ այդքան տուժեցինք փողային առումով, բայց հիմա կայանը Հայաստանինը չէ, և ռուսներն են որոշում նրա աշխատել-չաշխատելու հարցը։ Գոնե հասկանո՞ւմ ենք, թե ինչ է կատարվել։ Կասկադը կոշիկի ցեխ չէր, հասարակ գործարան չէր, որն ինչ-որ կերպ փոխարինելի էր. Հայաստանի հիմնական ստրատեգիական ռեսուրսն էր, ջուրն էր ու նրա հետ կապված մարդկանց գոյության հարցն էր։ Ինչ աստիճանի ցինիկ ու անպատասխանատու պետք է եղած լինեն հարց լուծող իշխանավորն ու նրա ենթակայության տակ եղած բոլոր պաշտոնյաները, որ հանգիստ սրտով գնացին այդ գործարքին:

Միայն Քոչարյանը չէ, որ հանդգնել էր նման քայլի, բոլոր երեք նախագահներն էլ մեկը մյուսից առավել հանցագործ քայլերի են գնացել։ Եվ ոչ մեկը չի կանչվել պատասխանատվության։ Այդ պայմաններում դրսի սուբյեկտներն ինչպե՞ս պետք է նայեն Հայաստանին. իհարկե, որպես գիշատիչներ։
Երկրի իշխանության ղեկը տվյալ ժողովրդինն է, եթե ժողովուրդը չգիտի այն իր ձեռքում պահելու ձևերը, ուրեմն կկործանվի պետությունը։

Ուզում եք ասել, որ միջազգային կառույցնե՞րն էլ երկակի ստանդարտներով են առաջնորդվում: Իրենց ձեռնտու է, որ Հայաստանն ունենա այսպիսի որակի իշխանություն, և պահում են այդ իշխանությանը, անկախ նրանից, որ, ասենք, կոռուպցիայի դեմ պայքարի համար հատկացված միջոցները նպաստում են կոռուպցիայի ամրապնդմանը, սոցիալական բեռը թեթևացնելու համար հատկացված միջոցները խորացնում են ճգնաժամը և այսպես շարունակ:

— Երկակի չեն ստանդարտները, եռակի ու բազմակի են, ինչքան պետք է, այնքան էլ ցինիկ ու ռացիոնալ են ու շահավետ իրենց համար, այլ ոչ Հայաստանի։ Եվ կապ չունի, թե դրսի սուբյեկտն ով է՝ Ռուսաստանը, Ամերիկան, Եվրոպան, թե Ադրբեջանը։ Պետությունները սուբյեկտային են, և ամեն մեկն իր շահն է սպասարկում։ Իհարկե, մերը բացառություն է, քանի որ սպասարկում է ոչ թե ժողովրդի, այլ մի բուռ ախպերականի շահը։ Ու այդպես էլ կշարունակվի, քանի ոչ մեկը չի պատժվել իր հանցանքների համար։
Ակնկալում եք, որ դրսից որևէ մեկը մտահո՞գ է Հայաստանի ներքին վիճակով:
Հակառակն է, նույնիսկ ուրախ են, որ հայերն արտաքսվում են Հայաստանից ու իրենք էլ ազատվում են մեզ պես ապապետական, ապաշնորհ ու իր հարցերը լուծելու անընդունակ էթնոսի պրոբլեմներից։

Պարոն Հարությունյան, միջազգային կառույցների ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարում են, որ շատ արդյունավետ աշխատում են ՀՀ իշխանությունների հետ: Մենք բոլորս գիտենք՝ ինչ է ուզում Սարգսյանի վարչակազմը Եվրոպայից: Գիտենք, որ ուզածը ամենևին էլ եվրոպական արժեքներին հաղորդակից լինելը չէ, այլ բոլորովին ուրիշ բան: ԱՄՆն, ԵՄն կարծես հասկացել են՝ ինչ են ուզում, և փորձում են արդարացնել սպասելիքները: Ի՞նչ անուն տալ այդ քաղաքականությանը: Արդյո՞ք սա դավաճանական մոտեցում չէ եվրոպական արժեքների նկատմամբ:

-Չեմ կարծում, թե հրապարակային ու միարժեք հստակեցված է, թե ինչ է ուզում Սարգսյանը Եվրոպայից։ Դուք Ձեր կարծիքն ունեք, ես իմը, մեկ ուրիշը՝ իրենը։ Իմ կարծիքով Սարգսյանն ուզում է, որ թողնեն, որ ինքը շարունակի պաշտոնավարել, այսինքն լեգիտիմ դիտվել։ Դրա համար մինչև հիմա ամեն ընտրությանն ընդդիմադիր իր թիմերն էր խաղացնում ու լեգիտիմացնում ընտրությունները։ Հիմա էլ վարչապետ դառնալու մոլուցքով տարված նախապես հրամայեց որոշում կայացնել, որ կառավարության նիստերը դռնփակ լինեն ու չլուսաբանվեն, լրագրողներն էլ չմոտենան կառավարության անդամներին: Լավ է չի հրամայել, որ մարդիկ էլ հերթագրվեն՝ հերթով մի-մի դոզա թույն խմեն-մեռնեն, ողջ եղածները դրանց թաղեն, հետո մյուսները, ու էդպես շարունակ, մինչև վերջին մարդը։

Հայաստանում կատարվողը դուրս է քաղաքական աշխարհի տրամաբանությունից ու գլոբուսից։ Մենք գերի ենք դարձած ինչ-որ կաննիբալների, որոնք կշարունակեն այնքան, քանի թույլատրվում է։

-Այս դեպքում ի՞նչ սպասել ՀՀԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից: Ասում են՝ այս անգամ քաղաքացին է շահելու, այլ ոչ թե գործող ռեժիմը:

-Ոչ մի բան էլ մի սպասեք: Եվրոպացին իր ներքին հազար ու մի հարցերն ունի, ու նա ոչ մի դեպքում չի զբաղվի մեզանով։ Առավել ևս չի զբաղվի, եթե մենք ինքներս չենք զբաղվում մեզանով։ Ինքնասպանին ո՞նց օգնես կամ քանի՞ անգամ օգնես, եթե չի կարող ապրելու միջոց ու իմաստ գտնել, միևնույն է՝ ձևը կգտնի իրեն կործանելու։

Եվրոպացին քաղաքականապես տհաս չէ, նա զուտ վիճակագրական տվյալներով գիտի մեր վիճակը, դեսպանների շփումներով ու մեր տարատեսակ դրսևորումներով հոյակապ գիտի մեր ով ու ինչ լինելը։ Եվրոպացին հետապնդում է իր շահը և չի էլ մտածում, թե ինչը ոնց անի: Մեխանիկական են մոտեցումները, ոնց, ասենք, բանվոր – հաստոց հարաբերություններն են։ Ինչ պետք է, այն էլ կթելադրեն մեզ, չէ՞ որ մենք սուբյեկտ չենք, իր-առարկա ենք պետականորեն և իրար հոշոտող տհասներ ենք՝ հանրայնորեն։

Հարցազրույցը՝ Արմենուհի Վարդանյանի

Ավելին
Back to top button