ՆորություններՎճարովիՏնտեսական

Պղնձի գնով պայմանավորված՝ ՏԱՑ-ը չի կարող կանխել արտագաղթը

ՀՀ ԱՎԾ արձանագրած դրական ցուցանիշները որևէ աղերս չունեն ՀՀ քաղաքացու կենսամակարդակի հետ, և ընդհանուր աճը դեռ բավարար չէ հասարակության վրա դրական ազդեցության համար: Այս կարծիքին է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

Ըստ տնտեսագետի՝ եթե ՏԱՑ աճն ապահովում են, օրինակի համար, պղնձի գներով, դա չի նշանակում, թե Հայաստանում կյանքի որակը լավացել է: Կյանքի որակի մասին լավագույնս պատմում են արտագաղթի ցուցանիշը և պետական աճող պարտքը:

«Բյուջեն չի նախատեսում թոշակների, աշխատավարձերի բարձրացում, և նախատեսված գնաճի պայմաններում քաղաքացին ավելի վատ է ապրելու, քան այս տարի:

Իսկ քաղաքացին գտել է ամենահեշտ ու միևնույն ժամանակ ամենադժվար ուղին՝ արտագաղթը»:

/LimiteText/

ԳԱԼԱ-ի հարցազրույցը տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ ամբողջությամբ՝ ստորև.

-Երեկ ՀՀ ԱՎԾ-ն հրապարակեց 2017թ.-ի հոկտեմբերի տնտեսական ցուցանիշները: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՏԱՑ աճը կազմում է շուրջ 17 տոկոս: Իսկ 2017-ի հունվար-հոկտեմբերին անցած տարվա 10 ամիսների համեմատությամբ շուրջ 7 տոկոս է աճը: ՀՀ քաղաքացին այդ աճը կարծես թե չի զգում: Ինչո՞վ է պայմանավորված սա:

Մեսրոպ Առաքելյան
Մեսրոպ Առաքելյան

-Ընդհանրապես 2016թ. եղել է վերջին տասը տարվա տնտեսության վատագույն տարին, հետևաբար ցանկացած դրական տեղաշարժ նախորդ տարվա համեմատ ապահովում է զգալի աճ: Սակայն, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ակնհայտ է, որ նույնիսկ այդ 7 տոկոսն էական ձեռքբերում չէ:

Այդ ՏԱՑ աճի ապահովման հիմնական գործոններից է պղնձի գների աճը, որն էլ ապահովել է արդյունաբերության ոլորտի 12 տոկոս աճը, սակայն դա ընդամենն ավելացնում է այդ ընկերությունների հասույթը՝ չստեղծելով նոր աշխատատեղեր, չնպաստելով հասարակության բարեկեցության աճին:

Այն ոլորտները, որոնք ապահովում են զգալի զբաղվածություն, աճի փոխարեն դեռ մի բան էլ անկում է արձանագրվել, ինչը հենց խոսում է այն մասին, որ ընդհանուր աճը դեռ բավարար չէ հասարակության վրա դրական ազդեցության համար:

-Պարոն Առաքելյան, ի՞նչ եք կարծում, հաջորդ 2018թ.ին, այնուամենայնիվ, ՀՀ իշխանություններին հեշտ կլինի՞ թեկուզ ձևականորեն նման աճի տեմպեր գրանցել:

 -Հավատացեք, արդեն ոչ մեկին հետաքրքիր չի աճի ցուցանիշները, դրանց նույնիսկ կառավարությունն է իմիջիայլոց նայում. ակնհայտ է, որ տարեցտարի ժողովուրդն ավելի վատ է ապրում, և չկա որևէ նախադրյալ, որ հաջորդ տարի դրական փոփոխություն կլինի: Եվ միակ ցուցանիշը, որ բնութագրում է ամբողջ վիճակը, արտագաղթի տեմպերն են:

Ամեն տարի մի քանի տասնյակ հազար քաղաքացի իրենց և իրենց երեխաների ապագան տեսնում են Հայաստանից դուրս, տնտեսական որևէ ցուցանիշ, որևէ աճ արժեք չունի, քանի դեռ ունենք արտագաղթող հասարակություն:

-Պարոն Առաքելյան, այս իմաստով ինչպիսի՞ն կլինի 2018թ. տնտեսական տարին ՀՀ-ի համար, ի՞նչ հեռանկարներ կան ՀՀ 2018թ.ի բյուջեով:

-Ամբողջ 2017թ. անցավ նախընտրական և հետընտրական գործընթացներով, ինչը կշարունակվի մինչև 2018թ. կեսերը, հետևաբար տարվա կեսը տնտեսության մասով շարունակելու ենք կորցնել, և արդյունքում որևէ դրական սպասելիք հաջորդ տարվանից չեմ ակնկալում, քանի որ առկա են տնտեսական քաղաքականության նույն մոտեցումները:

Մեծ հաշվով որևէ փոփոխություն այս տարվա բյուջեի հետ չկա. զգալի հատկացումներ պետական համակարգին, ներքին անվտանգությանը, որի հաշվին նկատվում է կրթության և առողջապահության ոլորտի կրճատում: Միևնույն ժամանակ տարեցտարի աճող դեֆիցիտի հաշվին ունենք 6 մլրդ պետական պարտք, որի սպասարկմանն ուղղված ծախսերն ավելի են, քան, օրինակ, կրթության ոլորտինը:

 -ՀՀ իշխանությունները խոստանում են մինչև 5 տոկոսի տնտեսական աճ: 2018-ի պետական բյուջեի նախագիծն այդ հնարավորությունը տալի՞ս է արդյոք:

-Նույն 2018թ. բյուջեն չի նախատեսում թոշակների, աշխատավարձերի բարձրացում, և նախատեսված գնաճի պայմաններում քաղաքացին ավելի վատ է ապրելու, քան այս տարի:

Իսկ ինչպե՞ս է հավասարակշռելու քաղաքացին թոշակի և նվազագույն սպառողական զամբյուղի անհամապատասխանությունը: Եվ ինչպե՞ս է իշխանությունը հավասարակշռելու տնտեսական անհավասարակշիռ իրավիճակը:

-Քաղաքացին գտել է ամենահեշտ ու միևնույն ժամանակ ամենադժվար ուղին՝ արտագաղթը. պայքարելու, պահանջելու փոխարեն նախընտրում է իր ապրուստը վաստակել օտարության մեջ, ինչի դեմ ոչինչ չի ձեռնարկում իշխանությունը: Ընդամենը նոր պարտքերի հաշվին փակում է բյուջեի դեֆիցիտը՝ ապագա խնդիրների մասին մտածելը թողնելով ապագային:

 Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

 

Ավելին
Back to top button