Նորություններ

«2008-ին Ռոբերտ Քոչարյանը և՛ բացահայտ սպառնացել է, և՛ իր սպառնալիքներն ի կատար է ածել». Ս. Սաֆարյան

«Այն ուժերը, որոնք մարտիմեկյան գործողություններին նպաստել են, այնքան էլ պարզ չեն եղել, որով էլ պայմանավորված՝ պաշտպանական կողմն ասում է՝ ի՞նչ գիտեք՝ ով է խփել»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում անդրադառնալով մարտիմեկյան իրողություններին և դրանց շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձություններին՝ կարծիք հայտնեց Մարտի մեկի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Ըստ Սեդա Սաֆարյանի՝ 2008-ին Ռոբերտ Քոչարյանը և՛ բացահայտ սպառնացել է, և՛ իր սպառնալիքներն ի կատար է ածել:

«Երկրորդ նախագահն իր համար նաև օրենսդրությամբ փորձել է ամրագրել որոշակի նորմեր և դրանով փորձել է խուսափել քրեական պատասխանատվության ենթարկվելու իրավական հիմքերից»,- նշեց նա:

Անդրադառնալով երկրորդ նախագահի անձեռնմխելի լինելու վիճելի հանգամանքին՝ փաստաբանը նշեց, որ անձեռնմխելիության սահմանումն այնպիսին չէ, որ նրան օժտի բացառիկ իրավունքով, որովհետև նա անձեռնմխելի է իր գործառույթների շրջանակում.

«Էնպես չի, որ Ռոբերտ Քոչարյանը գործել է իր տիրույթում, նա բոլորի վրա կարողացել է իր ազդեցությունը դնել և անցկացնել իր ցանկացած որոշում, և որևէ մեկը չէր կարող այդ ժամանակ դիմադրել»,- նշեց Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ ամեն ինչ նախապես է պլանավորված եղել, և որևէ մեկը դա կասկածի տակ չի դնում՝ բացի Ռոբերտ Քոչարյանից:

«Այդ օրը ինքս ոստիկանական ուժերի միջով եմ անցել և մտել ոստիկանություն»,- հավաստիացրեց փաստաբանը:

Անդրադառնալով այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարեց, որ տեղյակ չի եղել 0038 հույժ գաղտնի հրամանի ստորագրումից, Սեդա Սաֆարյանը նշեց.

«0038 հրամանի վերաբերյալ 2009-2010 թվականներին թերթերը բազմաթիվ հրապարակումներ են արել, դրանց Ռոբերտ Քոչարյանը որևէ լրջություն չի տվել, որովհետև մշտապես մտածել է, որ իրենց վարչակազմը 40 տարի դեռ շարունակելու է իշխել: Այն, որ նախկին նախագահը փորձում է իրեն մեկուսացնել կատարված իրադարձություններից, ինձ համար առողջ տրամաբանություն չէ»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

 

Ավելին
Back to top button