Նորություններ

Մեդիալաբ համացանցային կայքը քաղաքական ծաղրանկարների միջոցով անդրադարձ է կատարել երկրում առկա զավեշտալի երևույթներին

Գյումրիում անցկացվեց քաղաքական ծաղրանկարների ցուցահանդես: Medialab համացանցային կայքի ներկայացուցիչները, հաշվի առնելով, որ քաղաքական ծաղրանկարներն ամբողջ աշխարհում շատ ազդեցիկ միջոց են հանդիսանում անդրադառնալու երկրում տիրող քաղաքական իրավիճակին, որոշել են հենց ծաղրանկարների միջոցով պատկերավոր կերպով ներկայացնել մեր երկրում առկա զավեշտալի և անօրեն իրադարձությունները:

Համացանցային խումբը մոտ մեկ տարի նախապատրաստվել էր քաղաքական ծաղրանկարների ցուցահանդեսին՝ գտնելով, որ նմանատիպ միջոցառումները քաղաքական համակարգի վերափոխման դեմ պայքարելու ավելի լավ միջոց են հանդիսանում, քան բողոքի ակցիաները և հանրահավաքները:

Ծրագրի համակարգող Մարիաննա Գրիգորյանը նշեց, որ ցուցահանդեսի անցկացման վայրի հետ կապված մի շարք դժվարություններ են եղել.

Ծաղրանկարիչ Վահե Ներսիսյանն, ում նկարները նույնպես տեղ էին գտել ցուցահանդեսում, նշեց, որ իր նկարներում փորձել է ներկայացնել երկրում առկա թերությունները, իսկ ծաղրանկարների թեմաներն ընտրելիս օգտվել են նաև լրատվամիջոցների տեղեկություններից:

Ի սկզբանե Medialab համացանցային խումբը որոշել էր քաղաքական ծաղրանկարների ցուցահանդեսը կազմակերպել նաև այլ քաղաքներում ու մարզերում, սակայն դիմել են մի քանի համայնքների ու մերժում ստացել, առանց պատճառաբանությունների:

Ծաղրանկարների ցուցահանդես անցկացվեց նաև Երևանում, Մաշտոցի պուրակում քաղաքական ծաղրանկարներով վերնաշապիկներն ամրացվեցին լվացքի պարաններից, բացի այդ, ցուցահանդեսի մասնակիցները հագան ծաղրանկարներով շապիկներ ու շրջեցին պուրակում:

Ավելի ուշ ծրագրի համակարգող Մարիաննա Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ Երևանում ցուցահանդեսի ավարտից հետո գիշերը ժամը երկուսի սահմաններում ինչ-որ անձինք կոտրել են նրա ավտոմեքենայի պատուհանը և գողացել են մեքենայում գտնվող ծաղրանկարները: Կատարվածի առթիվ դիմել են ոստիկանությանը:

Ավելին
Back to top button