Նորություններ

Սերժ Սարգսյանը կարո՞ղ է ապացուցել, որ ոչ թե քարոզչությամբ է զբաղվել, այլ գործնական հայտարարություն է արել

Սերժ Սարգսյանի կողմից Գյումրիին 23 մլն եվրո խոստացված գումարը, որը ծառայելու է քաղաքի բարեկարգմանը և լուսավորությանը, ինչպես հայտնի է, վարկային միջոց է և տրամադրելու է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը: ԳԱԼԱ-ն կապ է հաստատել կառույցի ներկայացուցիչ Լորետա Մարտիկյանի հետ, ով փոխանցել է՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման վերաբերյալ «դեռ ոչ մի կոնկրետ պլան չկա»:

Հարցին, թե ծրագիրը դեռ չի՞ ներկայացվել բանկին, Լորետա Մարտիկյանը նշեց, որ ծրագիրը քննարկվում է, սակայն դեռևս կոնկրետ որևէ բան չեն կարող ասել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից:


Թերևս հենց այս անորոշությունն է պատճառը, որ ՀՀ կառավարությունը խուսափում է պատասխանել հարցադրումներին: Գյումրիի Համակարգող կենտրոնի առաջարկով այս հարցը խորհրդարանում բարձրաձայնելու էին պատգամավորները, բայց ոչ Գյումրին և Շիրակի մարզը ներկայացնող, քանի որ հիշյալ անձինք այդպես էլ պատրաստակամություն չհայտնեցին զբաղվել այս խնդրով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոստացված գումարի հետքերով Համակարգող կենտրոնի հետ համատեղ գրավոր հարցեր է ուղղել կառավարությանը:

Սակայն կառավարությունն արհեստական կերպով խոչընդոտներ է ստեղծում և հայտնում՝ ժամանակ չի եղել հարցադրումներին պատրաստվելու համար:

Կառավարությունը, սակայն, ստիպված է լինելու պատասխանել հարցադրումներին, եթե այս շաբաթ ձգձգումներն օգտագործվեցին՝ խուսափելու կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխաններ տալուց, ապա առաջիկայում կառավարությունն ունի մի քանի շաբաթ ժամանակ՝ պատշաճ պատրաստվելու և գյումրեցիներին պատասխաններ տալու:

Անդրադառնալով նախընտրական խոստմանը, պատգամավորն այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանը փորձեց դեկտեմբերի 4-ին ձիով քայլ կատարել, այն հույսով, որ հանրաքվեից հետո գյումրեցիները չեն հիշի բարեկարգ և լուսավորված քաղաք ունենալու խոստումների մասին:

Լևոն Զուրաբյանը հարց է ուղղում՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ է ապացուցել, որ հանրաքվեի նախաշեմին հրավիրված խորհրդակցությունը, խոստումները ոչ թե քարոզչություն էին, այլ իսկապես Հայաստանի երկրորդ քաղաքի երկրորդական փողոցների մասով մտահոգություն և պատրաստակամություն՝ լուծել փողոցների բարեկարգման խնդիրը Գյումրիում:

Արմենուհի Վարդանյան

Ավելին
Back to top button