Նորություններ

«Արարատցեմենտի» մոտ 1200 աշխատակից աշխատանքից ազատման ծանուցագիր է ստացել․ ի նշան բողոքի նրանք փակել են գործարան տանող ճանապարհը. tert.am

«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների ցույցին միացած մի քաղաքացի հայտարարեց, որ այս ամենը կառավարությունն անում է, որպեսզի մրցակցություն ապահովի և միայն ցեմենտի հարկի տուրքն է սահմանին բարձրացնում:

«Բոլորս պետք է կողմ լինենք արդար մրցակցությանը, օրինակ «Բիլայնի» րոպեները ժամանակին ինչքա՞ն էր՝ 300-400 դրամ: Կողքից պետք է նոր ընկերություններ մտնեն, ուրիշ խաղացնողներ մտնեն դաշտ, որ դրա հիման վրա իջնի գինը: Պետք է տեսնենք, թե մեկ տոննայի վրա ինչ ծախս է նստում, ու ինչ գնով է վաճառվում այդ ամեն ինչը»,-ասաց նա:

Որոշ աշխատակիցներ հայտարարեցին, որ նա աշխատող չէ և պետք է հեռանա:

«Ո՞ւմ ջրաղացին ես ջուր լցնում»,-հարցրին նրան:
13:21

Գործարանի աշխատելու հարցի միակ լուծումը կլինի այն, որ «կլինկերի» արժեքը սահմանին բարձրացվի, ոչ միայն ցեմենտի տուրքը բարձրացնեն, այլ նաև կլինեկերի (ցեմենտի հումք): Դրանք պետք է տարանջատել միմյանցից, որովհետև նույն բաները չեն. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արարատցեմենտ» գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանը: 

Նա նշեց, որ ծանուցումներն ուղարկել են, որովհետև օրենքով պահանջվում է երկու ամիս առաջ մարդկանց տեղյակ պահել:

«Քանի որ կառավարությունը հնարավորություն չունեցավ այնպես անել, որ գործարանն ամբողջությամբ աշխատի, բայց էներգակիրների գները բարձր են, երկրորդ տարին է, ինչ  դիմում ենք կառավարությանը: Ցեմենտի ծախսի առյուծի բաժինն ընկնում է կլինկերի վրա»,-ասաց նա:

Մանուկ Առաքելյանը նշեց, որ ցեմենտի գինն իջեցրել են և հասցրել 40 000 դրամի՝ 10 000 դրամով նոր են իջեցրել: «Հիմա եթե ընդառաջեն, գինն էլի կիջեցնեն, կվերազինեն ու կաշխատեն»,-ասաց նա և նշեց, որ Իրանից ցեմենտի և ցեմենտի հումքի ներկրման սահմանափակումներ պետք է արվեն, որպեսզի հավասար մրցակցային պայմաններ ապահովեն: 

13:15

«Արարատցեմենտ» գործարանի աշխատողների բողոքի ակցիայի վայր է եկել Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: Հիշեցնենք, որ աշխատակիցները ճանապարհը փակել են ու պահանջում են չեղարկել իրենց աշխատանքից ազատելու ծանուցումները:

Tert.am-ի հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ գործարանի տնօրինությունն այս հարցին պետք է լուծում տա, եթե ոչ՝ ապա կխնդրեն կառավարության աջակցությունը:

«Գիտեք, որ Արարատ քաղաքը հիմնվել է ցեմենտի գործարանի հենքի վրա: 1933 թվականին է բացումը կատարվել և ձևավորել է որպես բանավան, որից հետո դարձել է քաղաք, և ժողովուրդն ապրում է այս գործարանով: Հիմա թույլ չենք տա, որ 1200 աշխատողի համար դարպասները փակվեն: Մենք՝ որպես քաղաքային իշխանություն, համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկենք և տեղական արտադրողների շահերը պաշտպանենք, որպեսզի մարդիկ աշխատեն: Գյուղատնտեսական հող չունի քաղաքը, մարդիկ ինչո՞վ պետք  ապրեն»,-ասաց նա:

13:03

«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները հրաժարվում են աշխատանքից ազատվելու ծանուցումները ստորագրել. այս մասին Tert.m-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը: «Ի՞նչ հիմքով մեր քաղաքում ժողովրդի հիմնած գործարանը պետք է կասկածելի ձևով սեփականաշնորհեն, ժողովուրդը գործազուրկ մնա, բոլոր արտադրամասերին ծանուցում են ներկայացրել: Սա միայն մեկ նպատակով է արվում, որ իրենք ավելի շատ գումար աշխատեն, քաղաքի ստեղծած գործարանի վրա են եկել, նստել: Մինչև հիմա չգիտենք, թե ով է իրական սեփականատերը, ինչ գնով է ձեռք բերվել, որ հիմա էլ ժողովրդին ուզում են իրենց, այսպես ասած, «բնակարաններից» քշեն դուրս»,-ասաց աշխատակիցը:  

Նա նշեց, որ պատճառ են ներկայացնում, թե այսօր ցեմենտ աղալու հետ կապված խնդիրներ կան, նաև այն, որ Իրանից ներկրված հումքի պատճառով: Միաժամանակ նա նշեց, որ կան լուծումներ կառավարության կողմից՝ ներկայացվել է նախագիծ, որ ներմուծման տուրքերը բարձրացվեն, բայց կիսաֆաբրիկատին չի վերաբերում դա:

«1200 տոննա հզորությամբ գործարան ենք, ինչո՞ւ պետք է ներկրենք, եթե կարող ենք դրսին էլ տալ»,-ասաց նա:

Ըստ աշխատակցի՝ պահանջելու են, որ գործեն կնքված պայմանագրերի դրույթները, չեղյալ հայտարարվեն ծանուցագրերը. «Եթե ոչ, ապա կդիմենք կառավարությանը կամ իրենց, որ եթե չեք կարողանում կառավարել գործարանը, ուրեմն բարի ճանապարհ ձեզ: Գտնենք ինչ գնով է ձեռք բերվել գործարանը, ու հետո գնան նրան, որ գործարանը վերցնեն պետականացնեն, ու պետական հիմունքներով աշխատի»,-ասաց նա:

11:06

«Արարատցեմենտի» տնօրինությունն աշխատակիցներին ծանուցել է այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին:«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները Tert.am-ին հայտնեցին, որ գործարանի տնօրինությունն իրենց ասել է, որ մոտ 1200 աշխատակիցներ պետք է ազատման դիմում գրեն, հետագայում գործարանի ղեկավարությունը մտադիր է մոտ 300 նոր աշխատակցի ընդունել՝ փոքր արտադրամասն աշխատացնելու համար:

Աշխատակիցներից մեկը նաև Tert.am-ին փոխանցեց տնօրինության կողմից իրենց ներկայացված ծանուցագիրը, որում ասված է, որ այն  ստանալու օրվանից երկու ամիս հետո իրենց հետ կնքված պայմանագիրը կլուծվի՝ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ պայմանավորված աշխատողների քանակի և հաստիքների կրճատման պատճառով:

Տնօրինությունը նաև ծանուցել է այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին:

Ստորև ներկայացնում ենք աշխատակիցներին տրամադրված ծանուցագրերից մեկը:

10:44

Ուրբաթ երեկոյան «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը, արտադրամասի պետերի մի մասն էլ հրաժարվել է դրանք բաժանել աշխատակիցներին:

Այս մասին Tert.am-ի զրույցում հայտնեցին գործարանի աշխատակիցները:

Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է, իրենք չենք կարող պարսկական ցեմենտի հետ մրցակցել:

Աշխատակիցները գործարան տանող ճանապարհը փակել են՝ ի նշան բողոքի,  ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել գործարանը փակելու որոման մասին:

Աշխատակիցները փոխանցեցին ՝ գործարան տանող ճանապարհը փակել են, սակայն, մայրուղին չեն պատրաստվում փակել, քանի որ սա քաղաքական հարց չէ:

tert.am

Ավելին
Back to top button