ՄեկնաբանությունՆորություններ

Հայաստանը Վատիկանից եւ Բրյուսելից ստացավ այն, ինչը նրա մեջ խեղդել էին երկու կայսրությունները

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է ֆրանսաբնակ հայ գրող, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Կարեն Սիմոնյանը

Պարո՛ն Սիմոնյան, Ի՞նչ կարծիքի եք, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ինչպե՞ս աշխատեց ՀՀ դիվանագիտական կորպուսը, ՀՀ ԱԳՆ աշխատանքին ի՞նչ գնահատական կտաք:

-Այս ոլորտն ընդհանրապես արգելված գոտի է եղել՝ թե 20-րդ, եւ թե մեր դարասկզբին։ Արտաքին հարաբերությունները միշտ ուղղորդել է Մոսկվան, եւ 1915-ի ազգային ողբերգությունը ծառայել է հայ ժողովրդին միշտ ենթագիտակցական վախի մեջ պահելուն։ Սովետական Հայաստանը կառավարողներն էլ միշտ եղել են վախով եւ երեսպաշտությամբ հային հնազանդ պահող երկերեսանիներ։ Մինչեւ անցյալ դարի 60-ականներն ընդհանրապես արգելված էր հիշել «յաթաղանը», քանի որ թուրքական հանրապետության եւ ԽՍՀՄ բարեկամությունը «լենինյան» էր, եւ երկու երկրների դրոշները նույն կարմիրն էին, այն տարբերությամբ միայն, որ մեկի վրա հնգաթեւ աստղն էր, մյուսի վրա՝ լուսնի մահիկը… 1991-ից հետո Հայաստանը շարունակեց իր ճամփան՝ առանց հրաժարվելու 70 տարիների մղձավանջային իրականության բոլոր «արժանիքներից»։ Նույնիսկ ավելին, 1991-ի հոկտեմբերից անմիջապես հետո նախագահական հրամանով արգելվեց ընդհանրապես Ցեղասպանությունը հիշատակելն ամենուրեք՝ դպրոցներում եւ մանկապարտեզներում… Իսկ երբ Հայաստանի ԱԳ նախարարը Թուրքիայում անդրադարձավ 1915-ին, մինչեւ տուն դառնալն արդեն պաշտոնազրկված էր։ Եւ այս ամենը հետեւանք էր մի քաղաքականության, որ թելադրում է Կրեմլը… Չհրաժարվել սովետական անցյալից, չհրաժարվել կոմունիզմից… Եւ այս երկրորդ հանգամանքն օրերս բացահայտեց Ս. Լավրովը՝ հայտարարելով, թե «Ուկրաինայի հրաժարվելը կոմունիզմից կործանարար է Ուկրաինայի համար…»:

Ես ուզում եմ ասել, որ Ցեղասպանությունը Կրեմլի ու Բաղրամյան 26-ի՝ միշտ հային հոգեբանական ու բարոյական ճնշման ենթարկելու, նրան շարունակական վախի մեջ պահելու միջոց է: Եւ միեւնույն ժամանակ՝ Ռուսաստանն իբրեւ «հավերժական բարեկամ» եւ «աչալուրջ պաշտպան» ներկայացնելու միտումով, բայց եւ արդարացի համարելով 102-րդ զորակայանով, սրան ավելացրած Վրաստանում տեղակայված ռազմական ուժը նույնպես Հայաստան տեղափոխելով եւ վերջերս էլ նոր ռազմական ուժեր ներմուծելով ներխուժում է մի երկիր, որ իբր «անկախացած» է։

Հետեւաբար իմ գնահատականը Հայաստանի արտգործնախարարության «աշխատանքին» բացասական է։ Այս ուղղությամբ նախարարությունը հանդես է եկել իբրեւ քողարկող վարագույր ռուսաստանյան արտաքին քաղաքականության համար, որն իրականացվել է Հայաստանն ու հայ ժողովրդին լլկելու, արժանապատությունից զրկելու եւ հիմա արդեն «իրավաբանորեն» գաղութացնելու նպատակով։

Պարո՛ն Սիմոնյան, վերջին շրջանում իրադարձությունները՝ մասնավորապես Վատիկանի պատարագը, ՀՀ իշխանությունները մատուցեցին որպես ՀՀ դիվանագիտական կորպուսի հաղթանակ: ՀՀ իշխանությունների ձեռքբերո՞ւմն էր դա:

Կարեն Սիմոնյան
Կարեն Սիմոնյան

-Հայաստանի կառավարությունը Ցեղասպանության խնդրով որեւէ քայլ չի կատարել, թե անցյալ 70 տարիների ընթացքում՝ առավել եւս այս քառորդ դարի ընթացքում։ Եթե որեւէ «խելացի» փորձի հակադարձել ինձ, ապա վաղօրոք պետք է կրկնեմ, թե լավագույն դեպքում իշխանության համապատասխան ներկայացուցիչները եղել են Կրեմլի վարած քաղաքականության համեստ գործիքներ։ Ֆրանցիսկոս քահանայապետի եւ ապա Եվրախորհրդարանի վերջին գործողությունների նկատմամբ Ռուսաստանի (նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի) վերաբերմունքը բացահայտեց մի ճշմարտություն, ինչն արդեն ասացի… Ռուսաստանի համար ոչ թե տհաճ, այլ իր ձեռքից Հայաստանի նկատմամբ բոլոր հաղթաթղթերը կորցնելու խայտառակություն էր 1915-ի աղետն իբրեւ Ցեղասպանություն որակելու Տիեզերական Եկեղեցու եւ Արեւմուտքի հաստատակամությունը։

Պարո՛ն Սիմոնյան, Վատիկանի պատարագը, ինչպես նաեւ շատ այլ իրողություններ որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում են որպես ՀՀ իշխանությունների անզգուշության եւ ոչ հետեւողական աշխատանքի արդյունք: Կարծիք կա, որ կարող են սկսվել բռնարարքներ, բռնաճնշումներ քրիստոնյաների, մասնավորպես հայերի նկատմամբ:

-Մի՞թե ինքնին հասկանալի չէ, որ այդ «վերլուծաբանները» ճգնում են «հայի աչքը վախեցնել»։ Եւ ինչո՞ւ… Անշուշտ, որ հայտնվի եւս մի ճամարտակող եւ իր հիմարություններով ու պոռոտախոսությամբ միամիտներին կամ ապազգայնացածներին (Շիրազը դրանց անվանում էր «շուռ տվածներ») «ոտքի հանի» Հայաստանում բնկալած 5-րդ շարասյանը։ Ընդհանրապես, զարմանալի է որ «խոսքի ազատությունը» շահատակում է սադրանքների համար։ Խոսքի ազատության հայրենիքներում լրագրողներն իրենց աչալրջությամբ կանխում են նման հայտարարությունները։ Կամ լավագույն դեպքում ենթարկում են հրապարակային ծաղրի…

Ընդհանրապես 100-ամյակի այս միջոցառումները, խնդրի այս արծածարծումը, բարձրացումը ինչ կտա, ըստ ձեզ:

-Ո՛չ տարածքներ ենք հետ բերելու, եւ ո՛չ էլ փոխհատուցում ենք ստանալու։ Այսօրինակ խոսք ու զրույցները սահմանափակ մտածողության երազանքներ են։ Արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ ինքներս մեզ ենք խաբում, թե Ղարաբաղ ենք ազատագրել… Արյունը թափել ենք, բայց Ղարաբաղը նույնիսկ «օդից կախված» չէ։ Եւ զայրացուցիչ է, երբ շարունակում են կրկնել, թե «Ղարաբաղը մերն է»։ Սա նմանվեց բոլորիս հայտնի ու վարկազրկված «Պայքար, պայքար մինչեւ վերջ» իդիոտիզմին։ Նույնիսկ Կոսովոն մի առումով, օսերի աբխազների երկրները, Դոնբասն ու Լուգանսկը մյուս առումով կարծեմ չհամոզեցին, որ Կրեմլը յուրաքանչյուր դեպքում մեզ հետ «բարեկամություն» է անում ելներով թաթարա‐ռուսական (կարծեմ Նիկոլայ Բակունինի բնորոշումն է) Հորդայի մնայուն մտածողությամբ։ Բայց Դուք իրավացի եք՝ ենթադրելով, թե Վատիկանի եւ Բրյուսելի վճռականությունը մեզ շահեկան է։ Կրկնում եմ, ոչ թե այն առումով, ինչ փորձում են ոմանք իրենց վերագրել եւ դեռ հավաստել, թե սպասելիքներն էլ իրենց երազածն է լինելու։ Հայաստանը, ավելի ճիշտ հայը Վատիկանից եւ Բրյուսելից ստացավ այն, ինչը շարունակ նրա մեջ խեղդել էին երկու կայսրությունները, որոնք միշտ եղել են մարդկության չարիքի խոհանոցներ։ Հիմա արդեն մեկընդմիշտ բացառվում է այն քարոզչությունը, թե՝ «բա որ ռուսը ոտքը քաշի՝ թուրքը վերջին հային էլ սրի կքաշի»։ Այս ռուսահայաց սպառնալիքը անհնար էր բացառել՝ վկայակոչելով միջազգային օրենքը, քանի որ հիշեցնում էին եւս մի անհեթեթություն՝ Եվրոպան ժամանակին անտեր թողեց Հայաստանը։ Բայց հիմա ոչ մի նման քարոզչություն չի կարող հային վախեցնել՝ «անտեր մնալու» հեռանկարով։ Ֆրանցիսկոս քահանայապետի եւ Եվրախորհրդարանի գործողությունները, որոնց արդյունքում ազգային ողբերգությունը ճանաչվեց 20-րդ դարի ցեղասպանությունների առաջին ոճրագործություն՝ ստալինյան եւ Հոլոքոստի շարքի վրա, ոչ միայն Ռուսաստանից ազատագրվելով Թուրքիայի երախի մեջ չհայտնվելու մեր ազգային անվտանգության երաշխիքն է, այլեւ քայլ դեպի քաղաքակիրթ աշխարհ՝ սեփական հնարավորություններով եւ իրականում իբրեւ ինքնուրույն տերություն ու ժողովուրդ երկրների ու ազգերի հետ ներդաշնակ ապրելու համար։ Մենք ունենք այդ հնարավորությունը, քանի որ փոքր-ինչ վճռականության դեպքում բացառություն է լինելու դրածոների կարուսելը Բաղրամյան 26-ում: Քանի որ հայն իր վախը չափելուց հետո այլեւս գերադասելու է ոչ թե կիսագրագետ, չեկիստական ու ընչաքաղց ապիկարների տիրակալություն, այլ ամենայն դրությամբ իր մեջ գտնելու է կրթված, հայեցի, քաղաքական ու դիվանագիտական ուսումնառությամբ անհատականություններ, որոնց վկայականները վաստակած եւ ոչ թե գնված են լինելու…

Ավելին
Back to top button