Նորություններ

Ոստիկանները կեղծ 100 դոլար իրացնելուց հետո երկու երիտասարդի են բռնել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի բանկոմատներով կեղծ թղթադրամներ են իրացվում։ Մասնավորապես, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են ներմուծել բանկոմատ՝ փոխարենը ստանալով հայկական դրամներ։ Այլ կերպ ասած՝ արտարժույթի փոխանակման գործարք են կատարել։ 

Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալները ստանալուն պես, ձեռնամուխ եղան ծավալուն հետախուզական միջոցառումների, որոնց արդյունքում նրանց օպերատիվ տեսադաշտում հայտնվեց երկու երիտասարդ։ Քրեական հետախույզները կազմակերպեցին դարանակալումներ՝ հետևելով նրանց շարժին։ Օրեր տևած միջոցառումների արդյունքում երիտասարդները փաստով բռնվեցին։
Նոր Նորքի Նելսոն Ստեփանյան թիվ 44 հասցեում տեղակայված բանկոմատով կեղծ 100 դոլարանոցը դրամով փոխանակելու գործարքից անմիջապես հետո կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ոստիկանության Նոր Նորքի բաժնի գործընկերների հետ, երիտասարդներին բռնեցին հենց դեպքի վայրում։ Այդ ընթացքում նրանցից Տիգրան Սարգսյանը մոտի դրամներն ու դոլարները նետել է փողոց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին երեք հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ և տարբեր արժեքներով դրամներ։ 
Երիտասարդները բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ խուզարկվեցին։ Նրանցից Գևորգ Ղազարյանի մոտ հայտնաբերվեց դարձյալ 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ։ 

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Երևանի բնակիչներ Սարգսյանն ու Ղազարյանը 8 հատ կեղծ 100 դոլարանոց են իրացրել նաև փետրվարի 2-ին և 7-ին։ Գործարքները կատարվել են դարձյալ նույն բանկին պատկանող բանկոմատներով։ 

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հենց նույն օրը հարուցվել է քրեական գործ։ 
Տիգրան Սարգսյանն ու Գևորգ Ղազարյանը ձերբակալվել են։ 
Հանգամանքները պարզվում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button