Միջազգային

Իրանն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել ԱՄՆ-ի ԶՈւ կենտրոնական հրամանատարությանը

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը եւ նրա հետ կապված ուժերին դասել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների շարքը, հայտնում է Ինտերֆաքսը:

Նման որոշում է կայացվել՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշման:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նախագահ Հասան Ռոուհանիին նամակ էր ուղարկել՝ ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան քայլեր ձեռնարկելու թույլտվության խնդրանքով:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչում է ահաբեկչական կազմակերպություն: Սա առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը որեւէ այլ պետության զինվորական ստորաբաժանմանը պաշտոնապես ահաբեկչական կազմակերպության որակում է տալիս:

Շուրջ 100 հազար անդամ ունեցող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձևավորվել է 1979 թ.-ին Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո՝ պաշտպանելու կրոնական կառավարման համակարգը: Այն ուղղակիորեն գործում է երկրի հոգևոր առաջնորդի ենթակայության ներքո:

 

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button