Միջազգային

Նորմալ մարդուն որտեղի՞ց 250 մլն դոլար, որպեսզի դառնա Ուկրաինայի նախագահ. Գորդոն

«Երիտասարդ եւ տաղանդավոր թեկնածուն չի կարող դառնալ Ուկրաինայի նախագահ, քանի որ նա փող չունի նախընտրական արշավի համար»,-NewsOne հեռուստաալիքի եթերում հայտարարել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը:

«Հաշվարկած է, որ այսօր Ուկրաինայի նախագահ դառնալու համար անհրաժեշտ է շուրջ 250 մլն դոլար: Հարվարդում կամ Օքսֆորդում հրաշալի կրթություն ստացած, Ուկրաինան սիրող, իր երկրի համար փոփոխություններ ցանկացող երիտասարդ մարդուն որտեղի՞ց այդքան փող: Նորմալ մարդը որտեղի՞ց կարող է վերցնել 250 մլն դոլար, անգամ 100 մլն, եթե դա նրան չտան օլիգարխները, որպեսզի ապագա նախագահն իրագործի իրենց հրահանգները, կամ եթե հենց ինքը չէ օլիգարխ»,-ասել է Գորդոնը:

Ըստ նրա, հենց դա է պատճառը, որ Ուկրաինայում նախագահներ կընտրվեն կամ օլիգարխները, կամ նրանցից կախված թեկնածուները:

«Մենք այլընտրանք չունենք: Եվ հետո, բոլոր հեռուստաալիքները գտնվում են օլիգարխների ձեռքում: Եվ այդ հեռուստաալիքներով ինչ կապիկի որ ցուցադրում են, նա էլ նախագահ դառնալու առավել շատ շանսեր ունի»,-կարծիք է հայտնել լրագրողը: 

Ուկրաինայի հերթական նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունենալու 2019թ.-ի մարտի 31-ին: «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցումների համաձայն, ընտրությունների առաջատարն է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Յուլյա Տիմոշենկոն: Երկրի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն նրան զիջում է 7%-ով:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button