Միջազգային

Անկարան մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին

Թուրքիայի ԱԳ նախարարությունը քննադատել է Դոնալդ Թրամփի աշխատակազմի՝ Երուսաղեմում մայիսի կեսերին ԱՄՆ դեսպանատուն բացելու ծրագրերը, հայտնում է Deutsche Welle-ն:

Ինչպես հայտնել են Թուրքիայի ԱԳ նախարարությունից, Վաշինգտոնի համապատասխան մտադրությունը հակասում է ՄԱԿ-ի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքորոշմանը:

2017թ.-ի դեկտեմբերին կազմակերպության Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում ընդունեց, որով կոչ էր արվում ԱՄՆ-ին վերանայել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Փաստաթղթի օգտին արտահայտվել են 128 պետություններ, 9 երկիր դեմ են արտահայտվել, իսկ 35-ը ձեռնպահ մնացել:

Իսլամական համագործակցության կազմակերպությունն, իր հերթին, հայտնել է, որ Վաշինգտոնի միակողմանի որոշումը դիտարկելու է որպես նշան, որ ԱՄՆ-ն դադարում է միջնորդի դեր ունենալ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը համոզվածություն է հայտնել, որ ամերիկյան աշխատակազմի ծրագրերը խաթարում են Մերձավոր Արեւելքի խաղաղ կարգավորման գործընթացը, եւ դրանք բնորոշել է որպես անհանգստություն առաջացնող:

Փետրվարի 23-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է բացել իր դեսպանատունը Երուսաղեմում ավելի շուտ, քան նախատեսված էր՝ արդեն մայիսի 14-ին, Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակին: Դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը եւ աշխատակազմի մի մասը, ինչպես նախատեսված է, սկզբնական շրջանում տեղակայվելու են Արնոն շրջանում գտնվող ամերիկյան հյուպատոսության տարածքում:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button