Միջազգային

ԱՄՆ-ը եւ եվրոպական 20 երկրներ կարտաքսեն ռուսաստանցի դիվանագետներին

ԱՄՆ-ը եւ մինչեւ 20 եվրոպական երկրներ նախապատրաստվում են արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին՝ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործում ՌԴ իշխանությունների ներգրավվածության մեղադրանքների պատճառով, հաղորդում է The Times-ը:

«Արտաքսման աննախադեպ համակարգված փուլը կսկսվի երկուշաբթի՝ Մոսկվայից ԵՄ դեսպանին հետ կանչելուց հետո»,-գրում է պարբերականը:

Ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մտադրություն ունեցող երկրներից են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդերլանդները, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Չեխիան եւ Դանիան:

Ավելի վաղ Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ժամանակ Եվրամիության երկրների առաջնորդները քննարկել էին Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման պատասխան միջոցների հարցը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կարծիքով՝ այդ հանցագործության պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը: ԵՄ առաջնորդներն աջակցություն էին հայտնել Մեյին:

ԵՄ գագաթաժողովի ժամանակ որոշում էր կայացվել նաեւ խորհրդատվության համար Մոսկվայից հետ կանչել ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին:

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button