Միջազգային մամուլի տեսություն

Գերմանիայում կոչ են անում խստացնել վերահսկողությունն Էրդողանի աջակցությունը վայելող մզկիթների եւ այլ կառույցների վրա

Der Spiegel-ում հրապարակված հոդվածում ԳԴՀ արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը եւ արդարադատության նախարար Հայկո Մաասը պահանջում են խստացնել վերահսկողությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից աջակցություն ստացող միությունների եւ մզկիթների վրա:

«Մենք պետք է ավելի մանրամասն իմանանք այն մասին, թե ինչպիսի արժեքներ եւ քաղաքական հայացքներ են քարոզում Գերմանիայի տարածքում գտնվող մզկիթներում եւ համայնքներում, որոնք գտնվում են Թուրքիայի վերահսկողության տակ: Էրդողանի քաղաքականության արմատականացմանը զուգահեռ տեղի է ունեցել ուղեգծի փոփոխություն նաեւ այստեղ՝ Գերմանիայում»,- նշում են նախարարները՝ նկատի ունենալով, մասնավորապես, ԳԴՀ տարածքում անհայտ կառուցվածքի կազմակերպությունների եւ ցանցերի առաջացումը:

«Մենք պետք է հետեւենք, որպեսզի Գերմանիայում մահմեդական համայնքը չընկնի Թուրքիայի նախագահի ազդեցության տակ: Թուրքական պետական հեռուստաընկերությունը, դժբախտաբար, այստեղ բնակվող թուրքերին հաճախ է ցույց տալիս Թուրքիայում տեղի ունեցածի խեղաթյուրված պատկերը: Այդ կապակցությամբ դաշնային կառավարությունն ավելի օբյեկտիվ քաղաքական պատկեր ձեւավորելու համար առաջարկում է թուրքական ծագում ունեցող Գերմանիայի քաղաքացիներին  տեղեկանալ Էրդողանի քարոզչությունից ոչ միայն թուրքական լրատվամիջոցների միջոցով, այլ նաեւ եվրոպականի, որոնք պահպանում են բազմակարծության սկզբունքը»:

«Էրդողանի հռետորաբանությամբ թշնամի են համարվում չենթարկվողները՝ որպես «անհավատներ» եւ «հայրենիքի դավաճաններ», եւ դա սպառնում է Գերմանիայի ժողովրդավարական մշակույթին»,- կարծում են Գաբրիելը եւ Մաասը:

«Մենք պետք է հակազդենք  այն ճնշմանը, որը Գերմանիայում ցուցաբերվում է թուրքական համայնքի վրա Անկարայի կողմից, նույն ուժով, ինչպես մենք օրինականորեն հետեւում ենք ԳԴՀ տարածքում հանցավոր ահաբեկչական եւ ծայրահեղական այնպիսի թուրքական կազմակերպությունների գործունեությանը, ինչպիսին է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը»,- ասվում է հոդվածում:

Բացի դրանից, նախարարները կոչ են անում հոգ տանել, որ թուրքական ծագում ունեցողներն անդամակցեն տեղի քաղաքական կուսակցություններին:

«Այսօր մենք հետեւում ենք, թե ինչպես են Թուրքիայում ոտնահարվում մարդու իրավունքները: Էրդողանի սադրանքներն ուղղված են նրան, որ Գերմանիայի մեր թուրք ընկերներին ներքաշեն մշակույթների պայքարի մեջ: Գերմանիան պետք է մանրամասն ուսումնասիրի, թե ում են նրանք ֆինանսական կամ այլ աջակցություն ցուցաբերում: Մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք զուգահեռ հասարակությունների ձեւավորումը»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button