Միջազգային մամուլի տեսություն

Ռուսաստանը տուն է, որը կառուցել է Պուտինը, եւ նա այն երբեք չի լքի

«Երբ Կրեմլի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Վլադիմիր Պուտինին հարցրեցին իր աշխատանքի մասին, նա ասաց, որ ինքը վարձու մենեջեր է՝ ընտրված ռուս ժողովրդի կողմից, որպեսզի աշխատի մեկ շրջան,- հիշում է քաղաքագետ, Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը: -Հիմա, երբ նրան հարցնում են իր աշխատանքի մասին, նա այն անվանում է «ճակատագիր»»:

«Նախօրեին հազարավոր մարդիկ միացել էին հակակառավարական ցույցերին, որպեսզի ընդդիմանան Պուտինին եւ նրա վարչապետ-հովանավորյալ Դմիտրի Մեդվեդեւին: Այնուամենայնիվ, ռուսաստանցիների համար Պուտինը կայունության խորհրդանիշ է, որը ձեռք բերվեց մեկ ու կես տասնամյակ տեւած անկումից հետո, ինչին հանգեցրել էին խորհրդային կոմունիստական համակարգի սխալ կառավարումը եւ բարեփոխումների տապալումը: Հաջորդ տարի Ռուսաստանում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Գրեթե բոլորը սպասում են, որ Պուտինը մասնակցելու է, եւ ոչ ոք չի կասկածում, որ նա հաղթելու է: Հարցը միայն նրանում է, թե ինչքան մարդ կմասնակցի ընտրություններին եւ քանիսը նրան ձայն կտան: Կրեմլը երկու դեպքում էլ նշում է 70 տոկոս: Այս չորրորդ շրջանը Կրեմլում (հինգերորդը, եթե հաշվենք Պուտինի ռեգենտությունը Դմիտրի Մեդվեդեւի կառավարման ընթացքում) կարող է Պուտինի համար վերջինը լինել»:

«Քիչ հավանական է, սակայն, որ Պուտինը կհեռանա 2024թ.-ին, մոտ մեկ քառորդ դար ղեկավարելուց հետո: Իրականում նրա աշխատանքն առաքելություն է, որը կիրագործվի այնքան ժամանակ, քանի դեռ նա ակտիվ է: Ապագայում նրա խնդիրն այն է, որ ղեկավարությունը փոխանցի ռուսաստանցի  առաջնորդների սերնդին եւ հետեւի, որպեսզի այն գործի: Հենց հիմա նա զբաղված է այդ մարդկանց բացահայտմամբ, ովքեր կկարողանան ձեւավորել այդ խումբը: Նրանցից շատերը հիմա 40 կամ 30 տարեկան են: Շատերն արդեն նախարարներ են կամ բարձրաստիճան պաշտոնյաներ: Բոլորին կստուգեն եւ կփորձեն, այնուհետ նրանք կստանան առաջադրանքներ: Անձամբ Պուտինը՝ իր հովանավորյալների համար որպես հայրական կերպար, կդառնա pater patriae (հայրենիքի հայր), սինգապուրյան բանաձեւով՝ նախագահական դաստիարակ»:

«Դեռ վաղ է Պուտինի հարցով վերջնական վճիռ կայացնելու համար: Նա պահպանել է այս երկիրն ամբողջությամբ եւ վերականգնել է նրա համաշխարհային կարգավիճակը: Նա շարունակում է լինել ազդեցիկ կերպար եւ միշտ պատրաստ է զարմացնելու բոլորին: Նա խորը ազդեցություն է թողել այս երկրի վրա: Շատ դեպքերում այն պուտինյան Ռուսաստանն է, քանի որ նա ռուսական Պուտինն է»,- եզրափակում է Տրենինը:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button