Տնտեսական

Աշխատանքի տոնավաճառ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում աշխատանքի տոնավաճառ էր կազմակերպվել այսօր: Նպատակը` գործատու-աշխատանք փնտրող շփումը սերտացնելն էր: Տոնավաճառին մասնակցում էր շուրջ 50 գործատու:

«Հիմա փորձում ենք համագործակցել մասնավոր սեկտորի, առևտրային բանկերի հետ: Փորձում ենք աշխատել նաև մասնավոր հատվածի մյուս գործատուների հետ: ՊԵԿ-ը երեկ հանդիպել է մեզ հետ և ուզում է մեր լավագույն ուսանողներին աշխատանքի տեղավորել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նա նշեց, որ իրենց միջոցով ըստ մասնագիտության անցյալ տարի աշխատանքի են տեղավորել շուրջ 200 հոգու:

«Մեր քաղաքականությունը միտված է բացառապես ակտիվ ծրագրերի իրականացմանը: Մենք նոր օրենքի նախագիծ ենք հիմա արդեն ներկայացնում Կառավարության քննարկմանը, որտեղ զբաղվածության ակտիվ ծրագրերը լինելու

են հիմնական շարժիչը: Զբաղվածության ոլորտին հատկացվող շուրջ 4 մլրդ դրամ պետական միջոցների առյուծի բաժինը գնում է պասիվ ծրագրերին` գործազրկությանը և նպաստի վճարմանը: Ռազմավարությունը, որը հաստատվեց նախարարության կողմից, նախատեսում է այդ միջոցներն ուղղել ակտիվ ծրագրերի իրականացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Անցյալ տարի գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել մոտ 8000 մարդ, այս տարվա մայիսի 1-ի դրությամբ` 3670 հոգի: Դեռևս կա 85 000 աշխատանք փնտրող»,-ասաց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:

Ըստ նույն գործակալության պաշտոնական տվյալների` 2013 թ. մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը 20931 է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.3%-ով: Գործազուրկների թիվը 18494 է, շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը`13857: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 1632 աշխատանք փնտրող:

 

 

Արմինե Վարդանյան

Ավելին
Back to top button