Տնտեսական

«Պարտադիր» բառը հակասահմանադրական չէ՞, կամ չե՞ն վստահում պետությանը

Պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգին անցնելը տնտեսագետ Սամվել Ավագյանը համարում է ժամանակավրեպ եւ կարծում է, որ օրենքի նախագծի ընդունումը առնվազն մեկ տարով պետք է հետաձգել: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում տնտեսագետը նախ անդրադառնալով «պարտադիր» եզրույթին՝ նշեց, թե այն հակասահմանադրական չէ, ինչպես պնդում էին «Ընդդեմ կուտակային կենսաթոշակի» նախաձեռնության անդամները: «Իմ կարծիքով հակասահմանադրական ոչինչ չկա, որովհետեւ Սահմանադրության մեջ չկա այնպիսի մի դրույթ, որին այդ «պարտադիր» բառը հակասում է: Մեր Սահմանադրությունը թույլ է տալիս պետությանը սահմանել պարտադիր վճարներ. դա իշխանությանը վերապահված իրավունքն է: Միայն իշխանությունը ցանկացած երկրում իրավունք ունի սահմանել պարտադիր վճարներ, եւ այստեղ հակասահմանադրական ոչինչ չկա»:

Եթե նախագիծը օրենքի ուժ ստանա հունվարի մեկից, ապա այն ի՞նչ վտանգավոր տարրեր է պարունակում իր մեջ, հարցին տնտեսագետը տվել է հետեւյալ պատասխանը. «Օրենքը ինքը վատ չի մշակված, երեք տարի աշխատել են օրենքի վրա, օրենքը բովանդակության եւ ընթացակարգերի մշակման առումով նորմալ աշխատող է, ուղղակի այստեղ երկու խնդիր է առաջացել: Առաջինն այն է, որ ինքը լինելով զանգվածային միջոցառում եւ դիպչելով 250 հազար մարդու՝ վատ է լուսաբանվել, վատ է ներկայացվել հասարակությանը, PR միջոցառումներ չեն իրականացվել, սակայն այդ նպատակով գումարներ հատկացվել են, արդյունքում վատ է կազմակերպվել աշխատանքը: Երկրորդ թերությունը այն է, որ ֆոնդերի կառավարիչների ընտրությունը ինքը շատ ուշ է սկսվել, որովհետեւ մարդը պետք է ընտրի ֆոնդերի կազմակերպիչ, հիմա մնացել է ընդամենը մեկ ու կես ամիս, եւ ֆոնդերի կառավարիչներն էլ հաստատված չեն, եւ մենք ընդամենը մի շաբաթ առաջ ենք իմացել, թե ինչ կազմակերպություններ են հավակնում դառնալ ֆոնդերի կազմակերպիչ, եւ մենք դեռ չգիտենք, թե նրանք լիցենզիա կստանան, թե ոչ, դա էլ է թերություն, եւ ընտրության հնարավորությունն էլ է քիչ»:

Ըստ տնտեսագետի՝ քաղաքացին ընտրություն կատարելու համար պետք է ճանաչի կազմակերպություններին, որ ընկալի, թե ինչ են իրենցից ներկայացնում: «Հիմա, եթե որեւէ մեկին հարցնենք, կասեն, որ բացի ֆինանսների նախարարությունից մի երկու հոգի, այլ մարդ գիտի, թե ովքեր են, ինչ են եւ եկել ինչ են առաջարկում: Այսինքն ինֆորմացիոն բաց կա եւ մարդկանց վնասելու է, իսկ դա կանդրադառնա նրա հետագա գործունեության վրա»:

Մեր այն հարցին, թե դժգոհությունները պայմանավորված չե՞ն արդյոք այն հանգամանքով, որ քաղաքացիները չեն վստահում պետությանը եւ չեն ցանկանում իրենց գումարները ներդնել բանկերում: Այս հարցի առնչությամբ տնտեսագետ Ս. Ավագյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Այո, միանշանակ, անվստահության խնդիրն իրոք առկա է, ու սա էլ մի միջոցառում է, որ 23 տարի հետո պետք է տեսնենք, իսկ քանի որ մենք այն երկիրն ենք, որ բանակցում ենք ասոցացման համաձայնագրի շուրջ, բայց հայտարարում ենք ՄՄ-ին միանալու մասին, ու այսպես կտրուկ շրջադարձեր մեր նման երկրում իհարկե որոշակի անվստահության պաշար կուտակելու համար»: Բացի այդ, ըստ տնտեսագետի՝ բանկային համակարգում եւս անվստահության խնդիրներ կան: Նոր վճար է ընտրել, որի արդյունքում շատ քաղաքացիների աշխատավարձեր ինչ-որ շրջանում պակասում են, եւ սա նրանց գնահատմամբ վերջին կաթիլն էր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանական չորս խմբակցություններ նախաձեռնել էին արտահերթ նիստ՝ քննարկելու համար Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը մեկ տարով հետաձգելու նախագիծը: Սակայն, ինչպես հայտնի է, ՀՀԿ եւ ՕԵԿ պատգամավորները բոյկոտեցին, եւ արտահերթ նիստը չկայացավ: Նույն օրը բողոքի ակցիա էր տեղի ունեցել ԱԺ շենքի դիմաց:

 

 

Փայլակ Ֆահրադյան

Ավելին
Back to top button