Մեկնաբանություն

Գաղափարական ամլությունը` սպառնալիք

Հայաստանյան չինովնիկների պարգևատրումների շուրջ բարձրացած աղմուկը չի հանդարտվում: Պարզվեց՝ Երևանի քաղաքապետարանը շուրջ 1 մլն դոլարի պարգևավճար է բաժանել աշխատակիցներին (պարգևավճարի չափը գերազանցում է դատարկվող մարզերի բազմաթիվ գյուղական բնակավայրերի բյուջեները՝ միասին վերցրած, Ա.Վ):

82 տոկոս վստահության քվե ստացած Հայկ Մարությանն այսօր արդեն իրեն իրավունք է վերապահում հարկատուներիս չներկայացնել՝ ովքեր են եղել պարգևատրվողները, և ինչ չափի գումար է բաժին հասել յուրաքանչյուրին: Պարգևատրումներից, ինչպես հայտնի է, զերծ չեն մնացել նաև պաշտոնավարման մեկ տարին չբոլորած ՔՊ-ական մարզպետները:

Խնդիրն այն է, որ ապրիլյան զարգացումներից հետո երկիրը կեղեքած նախորդ իշխանություններից չափազանց ծանր ժառանգություն ստացած «հեղափոխականները» կարծում են, որ իրենք ոչնչով չեն զիջում նախորդներին և կարող են իրենց շռայլություն թույլ տալ: Համոզված են, որ վաստակել են… համոզված են, որ իրենք այնքան լեգիտիմ են, որ այլևս կարող են հղփանալ՝ հաշվի չնստելով ընտրողի հետ: Իսկ ի՞նչ է անում վերջինս:

«Ներքևները չեն ուզում»

Շատերը, հետհեղափոխական էյֆորիան արդեն թոթափած, սկսել են արդարացի հարցադրումները՝ այդ ինչպե՞ս ստացվեց, ինչո՞ւ… Հասարակության մի մասն էլ շարունակում է արդարացնել կատարվածը, թե՝ այդ «տղաներն ու աղջիկները» «այնքա՜ն են քայլել», որ կարելի է «մի թեթև» ինքնապարգևատրվել, կամ՝ լա՞վ էր, որ նախկինները գողանում էին, իսկ Փաշինյանի թիմը բացահայտ ինքնապարգևատրվում է:

Հարկ է նշել, որ մեր երկրում իրական հեղափոխություն կարող էր լինել ապրիլյան զարգացումներից հետո բացվող ամեն մի օր, երբ հասարակությունը պարտադրեր վերևներին՝ երբեք թույլ չտալ նախկինների սխալները, երբեք չհամեմատվել նախկինների հետ և այդ ֆոնի վրա չընդգծել նորեկների «առավելությունները», իսկ մեկը, ով կսայթաքեր, ստիպված լիներ առնվազն հրաժեշտ տալ պաշտոնին:

Ակնհայտ է՝ քանի դեռ հասարակության մի զգալի հատված լծված է «վերևների» սխալների քողարկմամբ, ուրեմն դեռևս պատրաստ չէ իրական հեղափոխության: Անգամ իշխանություններին տրված բացարձակ լեգիտիմությունն էր դրա վառ ապացույցը՝ «ինձնից անցնում է քեզ իշխանություն տալը, տալիս եմ, մնացածը քո ուսերին և քո պատասխանատվության տակ կլինի» տրամաբանությամբ:

«Վերևները չեն կարող»

Առնվազն հայտարարությունների մակարդակում, Նիկոլ Փաշինյանը երկրում հեղափոխական բարեփոխումներ իրականացնելու հավակնոտ հայտարարություններ է անում՝ արմատախիլ անել կոռուպցիան, տնտեսական հրաշք իրականացնել՝ հայկական բանաձևով և այլն…

Եթե իսկապես կա ցանկություն և կարողություն՝ խոստումները կյանքի կոչելու և պատմություն կերտելու, ապա անկախ «ներքևների» վարքից և պահանջմունքներից, «վերևներն» իրենք պետք է պարտադրեն փոփոխություններ. եթե անհրաժեշտ է՝ նույնիսկ ավտորիտար մեթոդների կիրառմամբ (արժե հիշել Սինգապուրի տնտեսական հրաշքի հորը՝ Լի Կուան Յուին, ով բիրտ մեթոդների կիրառմամբ, ազատությունների սահմանափակմամբ աներևակայելի արդյունքներ արձանագրեց):

Արդյո՞ք Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, ձևավորվել է այն էլիտան, որը կարող է, այսպես ասած, բարեփոխումներ պարտադրել, կրթել, նոր արժեհամակարգ թելադրել հասարակությանը, միևնույն ժամանակ սեփական կամքով զսպել սեփական ախորժակը, եթե անգամ հասարակությունը չի դատափետում, երբեք չհանդուրժել և չկոծկել թիմակիցների սխալները: Ակնհայտ է, որ ոչ: Մի շարք աղմկոտ միջադեպեր եղան, բայց իշխող ուժի ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն չքննադատեցին, այլև ջանք չխնայեցին արդարացնելու, որ, օրինակ, օրենքով թույլատրված են պարգևատրումները, որ նորանշանակները ծանր աշխատանք են իրականացնում՝ շատ ցածր աշխատավարձի դիմաց և այլն…

Երբ չկա երկիրը ճգնաժամից դուրս բերելու տեսլական, երբ գործ ունենք գաղափարական ամլությունն ի ցույց դրած, բայց, միևնույն է, ինքնագոհ պաշտոնավարումը շարունակող չինովնիկների և նրանց քաջալերող ընտրողի հետ, ինքնաբերաբար արժեզրկվում է 2018-ի ապրիլը, իսկ համակարգային ճգնաժամը՝ խորանում…

Սառնարանը, էլեկտրական վառարանն ու հարիչը՝ «շռայլություն»

Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Միերը, ով այդ պետության կայացման մեջ լրջագույն ներդրում ունեցած քաղաքական գործիչներից է, իր կյանքի մասին պատմող հիշողությունների գրքում գրել է. «Ապրելով Իսրայելում՝ քույրս՝ Շեյնան, ով կարող էր իրեն թույլ տալ հասնել կյանքը թևթևացնող որոշակի ձեռքբերումների, գտնում էր, որ նման կենսակերպը չափազանց բարձր է այն երկրի համար, որտեղ ապրում էինք: 60-ական թվականներին, երբ արդեն ծեր էր և հիվանդ, նա իրեն թույլ տվեց իր կյանքի միակ «շռայլությունը»՝ սառնարան: Նա հարմարվեց ապրելու առանց էլեկտրական վառարանի՝ ամբողջ կյանքում կերակուր պատրաստելով գազօջախի դիմաց: Գտնում էր, որ ապրելով Իսրայելում՝ չի կարող թույլ տալ իրեն նման «շքեղություններ»՝ միկրոալիքային վառարան, էլեկտրական հարիչ…»:

Սա ուսմունք է, գաղափարախոսություն, որին հետևելով հաջողվել է հզոր պետություն կերտել:

Իհարկե, չենք առաջարկում հայաստանյան իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին գնալ զոհողությունների կամ ինքնախարազանման ճանապարհով, սակայն նրանց չէր խանգարի գոնե վերարժևորել կատարվածը: Վերստին պետք է հիշեցնել՝ տարիներ ձգված պայքարի կուլմինացիան էր 2018-ի ապրիլը, որը մոռանալու, իսկ արդյունքները մսխելու և փոշիացնելու իրավունք որևէ մեկին վերապահված չէ:

Արմենուհի Վարդանյան

Ավելին
Back to top button