Մեկնաբանություն

Հիշու՞մ եք, թե ինչ եղավ հասարակությանը մոլորեցնելու եղանակով կառավարել փորձող ճարպիկների հետ

Խորհրդարանական ամբիոնից արձագանքելով «սուպերվարչապետական» լիազորությունները կրճատելու հարցադրմանը՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Անշուշտ, ելնում ենք այն հանգամանքից, որ շատ բան անձերով է պայմանավորված: Այն անձերը, որ ի չարս էին տրամադրված, հիմա ի բարին են»:

Ավելի վաղ Արարատ Միրզոյանը հստակ հայտարարել էր, որ, օրինակ, ԱԱԾ-ն պետք է մնա վարչապետի ենթակայության տակ, իսկ ոստիկանության հարցը դեռ կքննարկեն:

Սա, իմիջիայլոց, այն պարագայում, երբ 2018 թվականի մարտին, երբ ՀՀԿ-ն էր նման նախագիծ բերել, ներկայիս իշխող քաղաքական ուժը սուր քննադատությամբ նշում էր, որ ուժային կառույցները չպետք է ենթարկվեն վարչապետին:

Այսօր արդեն, այն հարցադրմանը, թե ինչով է պայմանավորված դիրքորոշման կտրուկ փոփոխությունը, բերվում է մի պատճառաբանություն, որն առաջին հայացքից շատ պարզունակ է՝ «չար թագավորին» ճանապարհել ենք, հիմա «բարիներն» են եկել իշխանության: Իրականում, սակայն, իշխող քաղաքական ուժը թյուրիմացաբար կամ դիտավորյալ շարունակում է քաղաքական օրակարգում շրջանառության մեջ պահել այն թյուր կարծիքը, թե հայ հասարակության պայքարը եղել է անձերի դեմ, փոխվել են անձերը՝ վերացել են խնդիրները:

Խնդիրը «Սերժին մերժելու» մեջ չէ

2018-ի գարնանը Նիկոլ Փաշինյանը շարժման հենքում դրեց անձի դեմ պայքարը՝ ընտրելով «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ լծվեցին Սարգսյանի ռեժիմին «մերժելու գործին»: Երբ վրա հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀԿ-ն էլ փորձեց նույն խաղի կանոններով խաղալ՝ եթե պայքարը անձերի դեմ է, ուրեմն վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Կարեն Կարապետյանը: Փաշինյանը շատ արագ կողմնորոշվեց. փոխվեց մարտավարությունը և տրանսֆորմացնելով առաջադրված պահանջները՝ հարթակը հայտարարեց, որ նպատակը համակարգային փոփոխություններն են, այլ ոչ թե անձերի «ռակիրովկան»: Պետք է հստակ ընդգծել, որ սա փողոցում կանգնած հազարավոր քաղաքացիների թելադրանք էր. երբ Սերժ Սարգսյանը հեռացավ, մարդիկ չլքեցին հրապարակը, այլ տեղի ունեցավ մոբիլիզացիոն գործընթացը: Անգամ եթե ինչ-ինչ ինտրիգներ և կուլիսային պայմանավորվածություններ էին հնարավոր այս ընթացքում, փողոցը զգոն էր, իսկ ասելիքը հստակ՝ խնդիրը «Սերժին մերժելու» մեջ չէ:

Նույն հրապարակը, որի վրա հենվում է Նիկոլ Փաշինյանը, մի քանի անգամ ճշգրտորեն ուրվագծել է՝ ինչի համար է Փաշինյանին գործուղել պետական ապարատ:

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Փաշինյանը և նրա թիմակիցները հայտարարում էին, թե չեն կարող համակարգային փոփոխություններ անել, քանի որ առանցքային ոլորտներում նախկիններն են դեռևս գլխավոր դերակատարները:

Սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրությամբ 81 տոկոս վստահության քվե տրվեց «Իմ քայլին», դեկտեմբերի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլի» հայտնի և անհայտ դեմքերն ընդհանուր առմամբ ստացան ավելի քան 72 տոկոս քվե, որպեսզի այլևս որևէ խանգարող հանգամանք չլինի, բացառվեն բոլոր հնարավոր պատրվակները:

«Բարի» ավտորիտարիզմ

Այսօր իշխանական լծակներն իրենց ձեռքը վերցրած «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների հայտարարությունները, թե «այն անձերը ի չարս էին տրամադրված, հիմա ի բարին», մանիպուլյատիվ տարրեր են պարունակում: Հեղափոխությամբ իշխանության եկածներն ունեն կոնկրետ հանձնարարական՝ փոխել քաղաքական արատավոր համակարգի տրամաբանությունն ու բովանդակությունը, ռադիկալ քայլեր ձեռնարկել, իշխանության ներսում ստեղծել հակակշիռ բևեռներ: Նմանատիպ հայտարարություններից կարելի է հետևություն անել, որ իշխող քաղաքական ուժը փորձում է մանևրել՝ այդ հանձնարարականները կատարելու առումով՝ հրամցնելով տեսակետը, թե հասարակությունն իրենց ընկալում է «բարի թագավորի» իմիջի մեջ, և ոչինչ, որ նրա ձեռքում լծակները շատ լինեն:

«Երիտիշխանություններին» թվում է, թե հասարակությունը պիտի շնորհակալ լինի հենց միայն նրա համար, որ Սարգսյանի փոխարեն կառավարական առանձնատանը Փաշինյանն է, իսկ նախկին օդիոզ ֆիգուրների փոխարեն՝ իքս կենսագրությամբ երիտասարդներ: Ավելին, կարծում են, այդպիսով սպառել են իրենց առաքելությունը, կարելի է թուլանալ և վայելել քայլելու դիմաց «որպես նվեր ընծայված» պաշտոնը:

Հրապարակի պահանջները, ասելիքը ընտրողաբար, ըստ նպատակահարմարության կիրառելու կամ քաղաքացու հանձնարարականի բովանդակությունը կեղծելու քայլը վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում: Այս պարագայում գործող իշխանությունը նաև պիտի խոստովանի՝ եթե հասարակությունը թյուրիմացաբար միայն անձերի փոփոխություն է կատարել, ուրեմն տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն, հետևաբար՝ որևէ ոլորտում չսպասել արմատական փոփոխությունների:

Սա վտանգներով է հղի նախ և առաջ նորեկների համար: Սպասելու, ներելու, համբերելու ռեսուրսը նախկինները խժռել են անդառնալիորեն: Հին մեթոդների կրկնությունը՝ նոր փաթեթավորմամբ ապագա ունենալ չեն կարող: Իսկ թե ինչ եղավ հասարակությանը մոլորեցնելու եղանակով կառավարել փորձող ճարպիկների հետ, թերևս հիշեցնելու կարիք չկա:

 Արմենուհի Վարդանյան

Ավելին
Back to top button